Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում բացված «Մենք կվերադառնանք» վերտառությամբ ցուցահանդեսում այցելուներին ներկայացված բացառիկ ցուցանմուշները պատմում են 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրավված տարածքներում զանգվածաբար ոչնչացվող հոգեւոր եւ պատմամշակութային հուշարձանների մասին: Ըստ ԱՀ մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի պատասխանատու Սերգեյ Շահվերդյանի. «Հրետակոծության տակ ընկած թանգարաններից շատ չնչին ցուցանմուշներ է հնարավոր եղել փրկել»: Այդ «գտածոներից» առավել հատկանշական են Հադրութի պատմաերկրագիտական թանգարանի եւ Մեծ Թաղերի մարշալ Խուդյակովի անվան տուն-թանգարանի որոշ արժեքներ:
Հավաքածուին առանձին շուք են հաղորդում Մեծ Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը, վարագույրներն ու մոմակալները: Հանրահռչակելով հայկական քրիստոնեական արժեքները՝ ցուցահանդեսի նախաձեռնողները համոզված են, որ «արդարությունը վերականգնվելու է, եւ տանտերերի հետ այդ բացառիկ ցուցանմուշները վերադառնալու են հայրենի ծննդավայրեր»: Այդ կարծիքին է եւ այս օրերին գիտական ուսումնասիրություններ կատարելու, իրենց առաքելությունն Արցախում իրականացնող խաղաղապահներին քաջալերելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ռուս հայտնի ճարտարապետ Նիկիտա Շանգինը, ով երրորդ անգամ է այցելում արցախցի բարեկամներին: Նա այն մտավորականներից է, ով Արցախի դեմ պատերազմի լուրն առնելով, իր բողոքի ձայնն է բարձրացրել հանրության շրջանում ու գիտական հրապարակումներում դատապարտել ադրբեջանցիների կողմից իրականացվող հանցագործությունները, պահանջել վերջ տալ վանդալիզմին եւ հայատյաց քաղաքականությանը: «Այն, ինչ տեսա եւ զգացի, մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում,- ասում է նա:- Կատարվածը մշակութային ցեղասպանություն է եւ անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում՝ միջնադարյան ձեռագրով»:
Ճարտարապետը, կիսելով շրջագայության ժամանակ ստացած իր տպավորությունները, մի կողմից ոգեւորությունը չթաքցրեց, որ պատերազմից հետո լայն շինարարություն է իրականացվում Արցախում, եւ աստիճանաբար վերացվում են ավերածությունները, մյուս կողմից էլ չշրջանցեց այն իրողությունը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային կոթողները վտանգված են ու գազանաբար ոչնչացվում են: Որպես օրինակ՝ նա արձանագրեց բերդաքաղաք Շուշիում եկեղեցիների եւ պատմամշակութային մյուս հուշարձանների ավերման ու պղծման փաստերը, Հադրութի կենտրոնում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ մզկիթի «հիմնարկեքի» արարողությունը, որը «ցինիզմի կատարյալ դրսեւորում է Ալիեւի կողմից»… Չթաքցնելով իր համակրանքն ու հարգանքն արցախցիների նկատմամբ՝ Ն. Շանգինը նկատում է. «Այստեղ ապրող ժողովուրդը պայքարում է իր երկրի, իր հող ու ջրի, հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանման համար, եւ ոչ ոք իրավունք չունի ոտնահարելու նրա իրավունքները, խլելու դարերի ընթացքում կերտած հարուստ պատմությունը: Այս ամենի մասին ես կիսվել եմ նաեւ իմ ֆեյսբուքյան էջում եւ, բնականաբար, հաճախ եմ հարձակումների ենթարկվել ադրբեջանցիների կողմից:
Հաճախ եմ հայտնվել ծայրահեղականների թիրախում եւ վարկաբեկվել: Ես չեմ էլ պատկերացրել, թե ադրբեջանական հասարակությունն ինչ աստիճանի է հիվանդ: Դրանում չեմ ուզում մեղադրել հասարակ մարդկանց, քանի որ կառավարությունը, հենց այդ երկրի ղեկավարությունն է մեղավոր հայատյացություն եւ թշնամանք քարոզելու համար: Ու երբեմն զարմանում եմ, թե աշխարհը, միջազգային հանրությունն ինչպես են հանդուրժում բազում հանցագործություններ եւ ոճրագործություններ կատարած բռնապետին, ով անարգել շարունակում է «հաղթարշավը»:
Մինչեւ ե՞րբ»… Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ձեւափոխմանը եւ աղավաղմանը՝ ճարտարապետն այստեղ հեռահար նպատակներ ու առավել «մութ գործեր» է տեսնում. «Լսել եմ, որ չարանենգները փորձում են հայկական քրիստոնեական կոթողը վերագրել աղվաններին: Սակայն վստահ եմ՝ դա չի հաջողվի նրանց: Պատմության զեղծարարները մի օր հաստատ կանգնելու են արդարադատության առաջ: Պարզապես դա մի քիչ ուշանում է»: