Մոսկվան փորձում է Հայաստանի հարցերը փաթեթով լուծել՝ «ԱՊՀ կարգավորումների» շրջանակում


Մոսկվան փորձում է Հայաստանի հարցերը փաթեթով լուծել՝ «ԱՊՀ կարգավորումների» շրջանակում

  • 21-10-2021 15:55:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am․ Մոսկվայում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որը կշարունակվի այսօր։ Հանդիպման թեման հաղորդակցությունների բացումն է, եւ այս հարցը դժվար թե հնարավոր լինի լուծել առանց քաղաքական կարգավորումների։ «Արտահոսքերն» առ այն, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը» հաղորդակցությունների բացման մասին համաձայնագրի հետ միասին, վկայում են, որ Մոսկվան փորձում է հարցերը «փաթեթով» լուծել։
 
Մոսկվա մեկնելու նախօրեին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ պետք է ուսումնասիրել սահմանների հետ կապված ամբողջ իրավական բազան, առաջին հերթին՝ այն փաստաթղթերը, որոնցում կան կողմերի համաձայնություն կամ ստորագրություն։ Նա նաեւ ասել է, որ «կարգավորումն ու ապաշրջափակումը կիրականացվեն ԱՊՀ իրավական կարգավորումների շրջանակում»
 
Ի՞նչ ԱՊՀ կարգավորումների մասին է խոսքը։ Դատելով սահմանամերձ համայնքների ղեկավարների պատմածներից՝ «սահմանազատումն» իրականացվում է ինչ-որ GPS-ով, սովետական քարտեզներով, հին սահմանային սյուներով կամ նույնիսկ գերեզմաններով։
 
Լրագիրն անդրադարձել է «սահմանազատման» մեթոդին՝ ռուս զինվորականների «տեղաշարժերի» եւ Բաքվի զինվորական ներխուժումների միջոցով։
 
Ալիեւը լավատեսորեն է արձագանքել Մոսկվայում կայացած բանակցություններին եւ ասել, որ իրենք աստիճանաբար հասնում են իրենց նպատակներին։
 
Երեւանը վաղուց կստորագրեր այն ամենը, ինչ դեմ են տալիս Մոսկվան ու Բաքուն, եթե չլինեին Իրանի կոշտ հայտարարություններն ու ԱՄՆ եւ Ֆրանսիայի դիրքորոշումը։
 
ՀՀ արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել են Հայաստանի պատվիրակության՝ հոկտեմբերի 31-ին Գլազգոյում կայանալիք կլիմայի հարցերով վեհաժողովին մասնակցելու հնարավորության մասին։ Վեհաժողովին կմասնակցեն աշխարհի առաջնորդները։ Պուտինը հրաժարվել է մեկնել Գլազգո։ Կհամաձայնի՞ պաշտոնական Երեւանը մասնակցել եւ ռուս-թուրքական ձեւաչափից դուրս իրավիճակի քննարկման հնարավորություն ստանալ։ Թե՞ «ԱՊՀ կարգավորումներն են» այն սահմանը, որը հասու է պաշտոնական Երեւանին։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play