ՌԴ նախագահի վալդայյան ուղերձները


ՌԴ նախագահի վալդայյան ուղերձները

  • 23-10-2021 10:16:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». «Վալդայ» ակումբի կոնֆերանսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի առանցքային ուղերձներ հղեց արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Չնայած հնչած հարցը վերաբերում էր Անդրկովկասում համագործակցության «3+3» ձեւաչափից բացի՝ այլընտրանքային այլ ձեւաչափերի առաջ մղման հավանականությանը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան հարավ-հյուսիս հաղորդակցման ուղու ակտիվացմանը, ՌԴ նախագահը որոշեց առիթն օգտագործել եւ անդրադառնալ արցախյան հակամարտության մի քանի առանցքային հարցերի:
 
Վլադիմիր Պուտինը որոշակիորեն խմբագրեց Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջերս արձանագրված Ադրբեջանի սադրանքի վերաբերյալ արած իր նախկին ձեւակերպումը, թե վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը: «Վալդայի» կոնֆերանսում Պուտինը նախ շեշտեց, որ ռուս խաղաղապահներն արժանիորեն իրականացնում են իրենց առաքելությունը, որոնց, ընդհանուր առմամբ, հաջողվում է պահպանել հանգիստ վիճակը հակամարտության գոտում, եւ չկան խոշոր ռազմական գործողություններ, իսկ դրանից հետո նկատեց. «Այո՛, ցավոք, լինում են միջադեպեր, այո՛, ցավոք, մարդիկ երբեմն զոհվում են, բայց երեւի դժվար է պատկերացնել իդեալական պատկեր այսքան տարիների հակամարտությունից հետո»: Նկատելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, եւ կյանքերը պահպանելը շատ կարեւոր է, ՌԴ առաջնորդը հայտարարեց, որ կա նաեւ հիմնահարցի ավելի կարեւոր կողմ՝ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելը:
 
«Այդ պայմանները կարող են ստեղծվել այն դեպքում, եթե երկու կողմն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, եւ երկու կողմից էլ գնահատեն խաղաղ կողք կողքի ապրելու առավելությունը»,- ասաց Պուտինը եւ համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում համագործակցություն հաստատելուն կողմ են բոլոր երկրները: ՌԴ նախագահի մյուս կարեւոր ուղերձը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ շեշտելով, որ առանց Ռուսաստանի դա հնարավոր չէ անել. «Այստեղ, իհարկե, առանց ՌԴ-ի մասնակցության անհնար է որեւէ բան անել, եւ այս հարցում, կարծում եմ, մեզ էլ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից եւ ՌԴ-ից, որովհետեւ կա մեկ սովորական պրագմատիկ հանգամանք, այն է՝ քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել սահմանները Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ»: Պարզվում է, որ Ռուսաստանի ղեկավարը նաեւ քաջատեղյակ է սահմանի վիճահարույց հատվածների խնդրին, ինչը լուծելու համար կողմերն ընդամենը պետք է քարտեզների շուրջ հանգիստ նստեն եւ քննարկեն: Ըստ ՌԴ առաջնորդի՝ սահմանազատման խնդրի լուծումը փոխզիջումներ է պահանջում. «Պետք է սահմանի ինչ-որ տեղ ինչ-որ բան ուղղել, ինչ-որ տեղ փոխանակել, բայց կարեւորն այն է, որ դա ճանաչված եւ ձեռնտու լինի երկու կողմին»:
 
ՌԴ ղեկավարի հայտարարության հենց այս հատվածն է վեր հանում առկա հիմնական խնդիրը: Բանն այն է, որ Ադրբեջանի զինուժն այսօր մի քանի հատվածներում հատել է Հայաստանի սահմանները եւ չի արձագանքում այն լքելու՝ հայկական կողմի հորդորներին: Այդ երկրի առաջնորդը հանդես է գալիս Հայաստանի տարածքների վերաբերյալ հավակնության ցնորամիտ հայտարարություններով, որոնք արդյունավետ բանակցությունների մեկնարկի համար դրական նախադրյալներ չեն կարող լինել: Միանշանակ է, որ եթե Ալիեւը չհրաժարվի նման հռետորաբանությունից, ապա սահմանազատման շուրջ բանակցությունները շատ դժվար են ընթանալու: Վ. Պուտինի ամենակարեւոր ուղերձն այն էր, որ կարեւորեց խնդրի կարգավորման բազմակողմ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Նա հայտարարեց, որ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելու համար քայլեր է անում գործընկերների հետ՝ հավանաբար նկատի ունենալով կողմերին եւ համանախագահ երկրներին: Սա փաստում է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է, ինչն էլ, իր հերթին, փաստում է, որ սանձազերծած ագրեսիայով արցախյան հակամարտությունը չի լուծվել, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նախադրյալները պետք է ստեղծվեն բանակցությունների սեղանի շուրջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը