Ընդդիմությունն երկրորդ հրատապ արտահերթ նիստը կհրավիրի. hraparak.am

Ընդդիմությունն երկրորդ հրատապ արտահերթ նիստը կհրավիրի. hraparak.am

  • 23-10-2021 17:34:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Hraparak.am-ը գրում է. 
 
«Երեքշաբթի օրը խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները նախաձեռնելու են 2-րդ հրատապ նիստը հրավիրել, որը վերաբերելու է սահմանային լարվածությանը և Ադրբեջանի հետ սահմանազատմանը։ Երկուշաբթի օրը «Հանրապետականն» այս մասին ասուլիս է հրավիրում։
 
Մեր տեղեկություններով՝ իմքայլականները քվեարկության են դնելու նիստը փակ ռեժիմով անցկացնելու հարցը։
 
Ռուսական աղբյուրներից արտահոսք եղավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Բանակցություններ, որոնց արդյունքում ղեկավարները եռակողմ հայտարարություններ կստորագրեն:
 
Հիշեցնենք, որ երեկ լրագրող Թաթուլ Հակոբյանը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի կողմից խմբագրվող «Ալիք մեդիայում» տպագրված մի լուր, ըստ որի՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, դրանք գրեթե ավարտական տեսք են ստացել։ Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը: Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
 
Նաև հաղորդվում էր, որ նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել, քանի որ 2020 թ այդ օրը, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ:
 
Թաթուլ Հակոբյանը ավելի ուշ պարզաբանել էր, որ երեկվա հրապարակումից հետո իրեն բազմաթիվ մարդիկ են գրել։ Միայն հավաստիացրել է, որ աղբյուրը վստահելի է, այն հայկական է։ Նաև, որ փաստաթղթերի սևագրերը՝ draft, ձեռքի տակ չունեն։ Սակայն խոսքը «1927-1928 թվականների և ոչ միայն» քարտեզների մասին է։ Դրանք, հիշեցնենք, լավագույնը չեն հայկական կողմի համար»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը