Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին


Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

  • 23-10-2021 17:25:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է

«Հայկական տեղեկատվական տիրույթում լայնորեն տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ։ Օրերս Ալիևը Զանգելան (Կովսական) կատարած այցի ժամանակ հայտարարել էր. «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»։ 
 
Ադրբեջանի ղեկավարը, վերջին իրադարձություններ ասելով, հավանաբար նկատի ունի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած փոխվարչապետների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարության մեջ բառ անգամ չի շոշափվում  ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այլև առհասարակ միջանցքների վերաբերյալ։ 
 
Եվ ընդհանրապես, թե՛ հայկական կողմից բանակցությունների մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և թե՛ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քանիցս անդրադարձել են եռակողմ ձևաչափով հանդիպումների օրակարգին՝ հերքելով միջանցքների հարց քննարկելու մասին լուրերը, որոնց հիմնական տարածողը ադրբեջանական պետական քարոզչամեքենան է՝ Ալիևի գլխավորությամբ։
 
Ամեն անգամ, երբ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը գերդոզավորվում է, հայկական և  ռուսական պաշտոնական ներկայացուցիչները ստիպված են լինում կրկին հերքել։ Այս մասով խիստ միանշանակ էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջերս արած հայտարարությունը, որ տարածաշրջանում միջանցնքների հարց չի քննարկվում, և բանակցությունների հիմնական օրակարգը տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնաբովանդակ հայտարությամբ է հանդես գալիս եռակողմ յուրաքանչյուր հանդիպումից հետո։ Ավելին՝ որևէ պաշտոնական հայտարարության կամ փաստաթղթի մեջ երբևէ ակնարկ անգամ չի եղել  միջանցքի վերաբերյալ։ Այստեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը որևէ հիմնավորվածություն չունեցող տեղեկատվությունը փորձում ներկայացնել որպես «իրենց ուզածին հասնել»։
 
Այս ամենից կարելի է անել մեկ եզրակացություն. Ադրբեջանի նախագահը դարձել է իր իսկ խոստումների գերին, և այժմ կեղծ պնդումներ մատուցելով իր լսարանին՝ փորձում է հավաստիացնել, որ խոստացված «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցում կա առաջընթաց։ Ամիսներ շարունակ ներքին լսարանին, ինչու չէ՝ նաև միջանցքի հարցում գլխավոր շահագրգիռ Թուրքիային, հրամցնելով, որ հասնելու է հարցի լուծմանը՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ Ալիևն արել է ընդամենը ցանկալին իրականության փոխարեն ներկայացնող հայտարարություն։
 
Ակներև է, որ ամիսներ շարունակ ուժի և սպառնալիքի հռետորաբանությամբ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու ալիևյան մարտավարությունը չի արդարացրել իրեն, և Ադրբեջանի ղեկավարը, ըստ ամենայնի, քննարկվող տրանպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը այսուհետ պետք է ներկայացնի որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում, հերթական հաղթանակ: Եվ այս ամենը, իհարկե, խորհրդանշական է, որ արվում է նոյեմբերի 9-ին ընդառաջ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը