25-10-2021 12:29:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»։
Թե ծրագիրը ներկայացնելիս, թե այսօրվա նիստում Փաշինյանին ոչ ոք հարց չի տվել այդ մասին, լեզվից քաշող չի եղել։ Ցանկացած երկրի պաշտպանական ռազմավարություն հիմնված է «խաղաղասիրության» վրա, սակայն Փաշինյանի պարագային «տարածքներ նվաճելու մտադրության բացակայությունը» հնչում է երդման պես։ Թե ում՝ դժվար չէ կռահել՝ ռուս-թուրքական տանդեմին, որոնք Հայաստանի ոչնչացման իրենց գործողություններով լուծում են սեփական գոյաբանական խնդիրները, որին Լրագիրն անդրադարձել է բազմիցս։
Թուրքիան ու այսպես կոչված Ադրբեջանը ստեղծվել են հայկական տարածքների ու հայկական միլիոնավոր կյանքերի վրա, Ռուսաստանի առաջնորդությամբ ու հովանավորությամբ։ Ներկայում Հայաստանին պարտադրվող պայմանագրերի իմաստը այդ իրողության, այսինքն՝ հայկական տարածքների նոր կտորների օտարման ճանաչումն է Երեւանի ստորագրությամբ։ Փաշինյանից թերեւս պահանջվում է ամեն անգամ հավաստել, որ Հայաստանը սեփական տարածքները վերադարձնելու, ռուս-թուրքական տանդեմից Հայաստանի դեմ ցեղասպան գործողությունների դիմաց հատուցման պահանջներ չի ներկայացնելու։
Փաշինյանի խոստումները ոչինչ են, ինչպես եւ ստորագրված պայմանագրերը 100 տարի առաջ։ Ինքնին Փաշինյանի երդումները վկայում են, որ Մոսկվայում ու Անկարայում հասկանում են, որ ստորագրված ու ստորագրվելիք պայմանագրերը հարց չեն լուծելու, իսկ «խաղաղության դարաշրջանը» հանցակիցների համար վերածվելու է մղձավանջի։ Սա վերաբերում է նաեւ Փաշինյանից սկսած՝ ռուս-թուրքական ծրագրերին ենթարկված քաղաքական խմբերին։ Քաղաքականությունն իր օրենքներն ունի։