Քերոբյանը պնդում է՝ բիզնեսը կողմ է ամանորյա տոները կրճատելուն, պատգամավորները մտահոգություններ բարձրաձայնեցին


Քերոբյանը պնդում է՝ բիզնեսը կողմ է ամանորյա տոները կրճատելուն, պատգամավորները մտահոգություններ բարձրաձայնեցին

  • 26-10-2021 12:42:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները միանշանակ չեն ընդունում Ամանորյա տոներին աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը՝ շեշտելով, որ բիզնեսը կարող է տուժել, մարդիկ հանգստի հնարավորությունից կզրկվեն: 
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց. «Թվային պատկեր կա՞: Եթե մենք հյուրանոցային տնտեսություններին զրկում ենք Ամանորյա տոներին երկարաժամկետ աշխատելու հնարավորությունից, ի՞նչ է դա տալու մեզ, ինչքա՞ն են տուժելու հյուրանոցները»:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց. «Դուք, իհարկե, դա կապում եք նրա հետ, որ հյուրանոցները կարող է չաշխատեն, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մենք բոլոր հաշվարկներն արել ենք, հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ գումարներ են աշխատելու այդ օրերին»:
 
Ըստ Քերոբյանի՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում, չի մեկնի արտերկիր, դա հնարավորություն կտա մարդկանց ճամփորդել երկրում:  Նա շեշտեց նաև՝ հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ն, առևտուրը կաճեն:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը քննարկվե՞լ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: «Սոցիալ-մշակութային արժեքների մասով ևս մտահոգություններ կան, որ Սուրբ Ծնունդը բավարար չափով չեն նշի Հայաստանում կամ չի կարևորվի»,-ասաց նա ու հետաքրքրվեց, թե նախագիծն ինչ սոցիալ-մշակութային փոփոխություն կարող է բերել Հայաստանում:
 
Նախարարն արձագանքեց. «Ես ինքս քրիստոնյա եմ, եկեղեցու հետևորդ, բայց ինձ համար եկեղեցի գնալը երբևիցե խնդիր չի եղել՝ աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի պատճառով: Հունվարի 6-ը ոչ աշխատանքային է, հունվարի 5-ին մարդիկ կարող են ճրագալույցին ժամանակին գնալ եկեղեցի, նշել Սուրբ ծնունդը»:
 
«Հայաստան»-ից Գեղամ Նազարյանն էլ ասաց, որ երբ նախագիծը դրվել է շրջանառության մեջ, իրեն հանդիպող յուրաքանչյուր երրորդ մարդուց մեկը խնդրել է, որ պատգամավորն ԱԺ-ում անցկացնի մեկ հարց: «Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: Դուք նշեցիք՝ այս ամենն արվում է, որ մեր ժողովուրդն աշխատի: Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում, մեր ժողովուրդն աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնական օրերին խանութներում, մոլերում, մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին, չունի: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, այնտեղ տարին երկու անգամ արձակուրդ են գնում, զբաղվում են իրենց հանգստով, առողջությամբ: Մեզ մոտ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը գոնե առիթ էր մի մասի համար՝ ընտանիքով հավաքվելու, հանգստանալու, տոնը նշելու համար»,- ասաց պատգամավորն ու հարցրեց՝ ճի՞շտ է, որ այդ ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ն աշխատանքային օր հռչակելու մոտիվ գտնելն է:
 
Նա նկատեց՝ մնացած 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցներին ևս հանգիստ չի տրվում:
 
Քերոբյանը կարճ պատասխանեց. «Իմ և իմ գործընկերների մտքով է անցել: Բայց պարզվում է՝ նաև ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել: Այդ նախագիծը դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել: Այնպես չէ, որ մենք այստեղ միակն ենք, նաև ձեր գործընկերներն են կարծել, որ դա ճիշտ նախագիծ է»,- ասաց Քերոբյանն ու վստահեցրեց՝ բիզնես հանրությունը լայն կոնսենսուս ունի, բոլորը կողմ են այդ նախագծին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play