«Աշտարակ» ԲԿ տեղափոխված 11-ամյա և 19-ամյա քույրերը սկզբնական վարկածով մահացել են գազի արտահոսքից. ՀՀ քննչական կոմիտե


«Աշտարակ» ԲԿ տեղափոխված 11-ամյա և 19-ամյա քույրերը սկզբնական վարկածով մահացել են գազի արտահոսքից. ՀՀ քննչական կոմիտե

  • 26-10-2021 12:59:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ձեռնարկվում են միջոցառումներ Արագածոտնի մարզի երկու բնակչուհիների մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:
 
2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։
 
Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
 
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։    
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն