«Մեղրիի միջանցքի» վտանգները հաշտեցնում են անգամ քաղաքական հակառակորդներին


«Մեղրիի միջանցքի» վտանգները հաշտեցնում են անգամ քաղաքական հակառակորդներին

  • 26-10-2021 13:16:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Թեհրանը մեր տարածաշրջանում միակ արտաքին դերակատարն է, որն ակնհայտ դեմ է արտահայտվում թյուրքական աշխարհը կապող միջանցքին եւ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Իրանի քաղաքական դեմքերն իրենց խոսույթներում առանձնահատուկ շեշտադրում են կատարում այն հայտարարությունների վրա, որոնց միջոցով միջազգային շահագրգիռ սուբյեկտներին «ահազանգում» են միջանցքի վտանգների մասին: Դա կհանգեցնի տարածաշրջանում սահմանային փոփոխությունների, որոնք անթույլատրելի են: Այս թեման շարունակում է միջազգային (արեւմտյան, մերձավորարեւելյան, ռուսական) ԶԼՄ-ներում ամենաընթերցվածների ցանկում մնալ:
 
Միջազգային մամուլում ոչ միայն տեղ են գտնում Իրանի դիրքորոշման մասին վերլուծական նյութեր, այլեւ, օրինակ, մեծ լսարան ունեցող արաբական «AlJazeera» լրատվական կայքում տեղ են գտել հոդվածներ, որոնք Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության համար «մեղադրում» են Իսրայելին: Հոդվածներում բացասական երանգով ակնարկվում է, որ Իսրայելը 44-օրյա պատերազմի ընթացքում ու մինչ այժմ շարունակում է զինել Ադրբեջանին գերժամանակակից կործանիչ հրթիռներով, ինչպես նաեւ հետախուզական զորախմբի ներկայություն է ապահովում վերջինիս տարածքում: Նախիջեւանի սահմանին Իրանի իրականացրած զորավարժություններին անդրադարձ կատարել են մերձավորարեւելյան («AlJazeera», «The Yerusalem Post», «Islamic Republic News Agency», «Israel National News», «Gulf News» եւ այլն), ռուսական («РИА Новости», «Vesti» եւ այլն), եվրոպական («France 24», «Radio Free Europe», «Euronews», «Window on Eurasia» եւ այլն) ու այլ հեղինակավոր ԶԼՄ-ներ:
 
Ամերիկյան մամուլում զորավարժությունների վերաբերյալ միայն հպանցիկ, տեղեկատվական բնույթի նյութեր են տեղ գտել: Որպես այդպիսին, բացակայում են վերլուծական եւ զորավարժությունները քննադատած հոդվածները: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թեկուզ միայն միջանցքի վտանգները կշռելու հարցում լուռ համաձայնություն կա Իրանի ու ԱՄՆ-ի, ինչպես նաեւ արեւմտյան մի շարք երկրների քաղաքական ինստիտուտների ներկայացուցիչների (Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն) գործողություններում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այլ տեսանկյունից Արեւմուտքի համար շահեկան է Բաքվի նման սանձարձակ քաղաքականությունն Իրանի հանդեպ: Օրեր առաջ կայացած ԱՊՀ երկրների նիստում Ադրբեջանի նախագահը հայտարարեց այն մասին, որ Հայաստանն ու Իրանը ներգրավված են թմրամիջոցների անօրինական տեղափոխությունների մեջ: Հետաքրքրականն այն է, որ այդ ելույթի առթիվ անմիջապես հրապարակվեցին փաստեր` իրանական քարոզչական դաշտի ակտիվ աշխատանքի արդյունքում:
 
Իրանի կողմից հանրայնացվեցին տարատեսակ տեղեկություններ ու ապացույցներ այն մասին, որ հենց Ադրբեջանն է ներգրավված նման ապօրինի գործողությունների մեջ, օրինակ` ԱՄՆ պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարությունը Ադրբեջանի` թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մասին: Վերջին շրջանում մեր տարածաշրջանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիան ու Ադրբեջանը միջոցներ չեն խնայում միջանցքի գաղափարը կյանքի կոչելու համար: Սակայն նրանք կարող են չհասնել իրենց նպատակին եւ ավելին` դեմ առնել աշխարհաքաղաքական փակուղու: Ակնհայտորեն, միջանցքի գաղափարի իրականանալու մեջ վտանգներ է տեսնում նաեւ Հնդկաստանը: Ուստի, եւ՛ Իրանը, եւ՛ Հնդկաստանը ողջ ջանքերը կներդնեն, որպեսզի «Պարսից ծոց-Սեւ ծով» եւ հնդկական տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն Հայաստանի տարածքով:
 
Դրա մասին, բացի պաշտոնական հայտարարություններից, վկայում են նաեւ Հնդկաստանի ու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան: Իրանի եւ Հնդկաստանի տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի շնորհիվ Հայաստանը կարող է խոչընդոտել թյուրքական աշխարհը կապող միջանցքի իրականացմանը` դրա հետ մեկտեղ վերականգնելով ու բարելավելով տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը: Տարածաշրջանում իրավիճակը փոփոխական է, դեռեւս կայուն չէ. որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այդ փոփոխականությունը մեր օգտին է, քանզի դեռեւս կան հնարավորություններ ու իրական ճանապարհներ մեր «ողնաշարն ուղղելու» համար: Այդ հնարավորությունների մասին գիտի նաեւ թշնամին, ուստի փորձում է քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը