Հրադադարը պետք է պահպանվի․ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին


Հրադադարը պետք է պահպանվի․ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին

  • 26-10-2021 18:25:58   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում անրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում Է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն:
 
«Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,-իր ելույթում նշել է Ալեքսանդրը։ 
 
Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։
 
«Այդ ժամանակից ի վեր ես լսել եմ իրենց տներից վռնդված 100 000 հայ խաղաղ բնակիչների, հարյուրավոր հայերի գերեվարված լինելու մասին հաղորդումներ: Բռնությունները պետք է դադարեցվեն, հրադադարը պետք է պահպանվի»,- ասել է Ալեքսանդրը: «Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տուժում են տեղում գտնվող մարդիկ՝ Արցախի ժողովուրդը»,- ավելացրել է նա։
 
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։
 
«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց և զինադադարից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը՝ ոտնձգություններ կատարելով Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Կայսերյանը։
 
«Հատկապես սա է պատճառը, որ մեր համայնքը շնորհակալություն է հայտնում և գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի կողմից իրազեկումը Ավստրալիայի խորհրդարանում», - ավելացրել է նա:
 
Նշվում է, որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը