Երևանի ավտոբուսները կհամալրվեն մետաղադրամների 405 հաշվիչ մեքենաներով


Երևանի ավտոբուսները կհամալրվեն մետաղադրամների 405 հաշվիչ մեքենաներով

  • 26-10-2021 19:49:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երևանի քաղաքապետարանը 678.000 դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով:
 
Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման մեջ նման փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվել է այսօր Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:  
 
Նախագծին ընդունվել է 36 կողմ, 0 դեմ և երկու ձեռնպահ քվեարկության արդյունքում:
 
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ բոլոր նոր ավտոբուսները հագեցած են լինելու մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ հատուկ կրպակներ և տոմս գնել: Ըստ քաղաքապետի՝ առաջիկայում  անցում կարվի քարտային համակարգի: Անկանխիկ համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը:
 
«Կլինի մի շրջան, երբ և՛ կանխիկ, և՛ քարտային համակարգն էլ կգործեն: Դա կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի: Դա անցումային փուլ է, որը չենք կարող չանցնել: Կտրուկ փոփոխություններին դեմ եմ. պետք է քիչ-քիչ գնալ փոփոխությունների, որ մարդիկ հարմարվեն»,- շեշտել է Երևանի քաղաքապետը:
 
Նա նաև տեղեկացրել է, որ 100 միավոր 6-մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել Հայաստան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը