Գերտերությունների մոտեցումները կարող են միանշանակ չլինել, և այդ հակասություններից հայկական կողմը կարող է օգտվել


Գերտերությունների մոտեցումները կարող են միանշանակ չլինել, և այդ հակասություններից հայկական կողմը կարող է օգտվել

  • 27-10-2021 18:16:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լրագրի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը
 
Իշխանությունը չի հերքում, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Բաքվի միջև երկու նոր փաստաթուղթ է ստորագրվելու, որոնցից մեկը վերաբերում է սահմանազատման ու սահմանագծմանը, մյուսը՝ ճանապարհների ապաշրջափակմանը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում:
 
Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է դիվանագիտորեն պատրաստվի: Սա է խնդիրը, որովհետև դա կարող է լինել նոյեմբերի 9-ին, գուցե դեկտեմբերին, գուցե ամսաթիվը չեն ֆիքսել, բայց այդ եռակողմ հանդիպումն անպայման լինելու է, և այդ հանդիպմանն ընդառաջ, որքան էլ մեր դիրքերը թույլ լինեն որպես պատերազմում պարտված կողմ, պետք է ինչ-որ չափով դիվանագիտական ռազմավարության հայեցակարգային նոր կետեր ճշտվեն: Դա է կարևորը: Կարծում եմ՝ մեկ տարի հետո պետք է նայեն, թե նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունների ինչ կետեր են իրականացվել: Այսինքն մեկ տարի առաջ պայմանավորվել են, հիմա պետք է տեսնեն, թե որքանով են այդ կետերն իրականացել: Այստեղ որոշակի կետեր կան, որոնք հայկական կողմն անպայման պետք է օգտագործի: Ասենք, 7-րդ կետում նշվում է փախստականների ԼՂ և հարակից տարածքներ վերադարձի մասին: Դա չի իրականացվել: Հայկական կողմը պետք է ասի, որ 7-րդ կետը չի իրականացվել։ 8-րդ կետում նշվում է ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց, նաև մահացածների աճյունների վերադարձի մասին, որը ևս Բաքուն արգելակում է: Մեր դիվանագիտությունն այստեղ պետք է աշխատի, որ ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության կետերն իրականանան: Դրանից հետո միայն պետք է  խոսել տարածաշրջանի ապաշրջափակման մասին:
 
Ի դեպ, ասեմ, որ այդ պայմանավորվածությունների մեջ սահմանազատման, սահմանագծման գործընթացի մասին որևէ խոսք չկա: Խոսք կա հաղորդակցական միջոցների ապաշրջափակման մասին: Այստեղ 7-րդ և 8-րդ կետերի իրականացումը պահանջելով, հայկական կողմը պետք է պատրաստ լինի 9-րդ կետին՝ իհարկե, բացառելով միջանցքի որևէ գաղափար: Որովհետև միջանցքի մասին ևս չկա պայմանավորվածություն: Սրանք պետք է լինեն մեր դիվանագիտության մոտեցումների հիմնադրույթները, որովհետև, ի վերջո, նաև խաղաղության մեծ օրակարգը չի եկել բանակցային սեղանին: Բաքուն և Անկարան հայտարարում են, որ Արցախի հարցն անցյալում է, և շտապում են անցնել սահմանազատման ու սահմանագծման, մինչդեռ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինի ընդհանուր համաձայնությունից հետո: Իսկ ընդհանուր համաձայնությունը հակամարտության լուծումն է, որը չի եղել: Այստեղ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերագործարկման մասին է խոսքը: Որքան էլ հասկանալի լինի, որ իբրև պատերազմի պարտված կողմ մեր դիրքերը թույլ են պահանջներ ներկայացնելու առումով, այնուամենայնիվ մեր պահանջներն իրավաչափ կարող են նկատվել, եթե հիմնվեն նախապես մեկ տարի առաջ կայացած պայմանավորվածությունների վրա:
 
Քաղաքական դաշտի խաղացողները որքանո՞վ են կարողանում ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին: Եթե իսկապես կա մտահոգություն, ապա իրենց հայտարարություններով, հանրահավաքներով չպե՞տք է փորձեին ճնշում գործադրել, ոչ թե միայն հայտարարեին, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք են անելու: Արդյոք այդ ժամանակ արդեն ուշ չի լինի:
 
Կարծում եմ՝ նաև մեր պետական շահերից է բխում զիջումների չգնալու համար բողոքի ակցիաներ անելը, բայց զուգահեռ նաև դիվանագիտության հարթության մեջ պատրաստվելը: Որովհետև բողոքները կարող են ուժեղացնել հայկական բանակցային դիրքերը: Այսինքն ցույց տալ, որ ամբողջ աշխարհով մեկ հայությունը չի ուզում գնալ զիջումների, չի ուզում այնպիսի զիջողական փաստաթուղթ ստորագրել, որտեղ կվտանգվի Արցախի հայապատկանելիությունը կամ դուռ կբացի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու համար: Բողոքները ժողովրդավարական երկրներին համահունչ, օրինաչափ ակցիաներ են, որոնք նաև տեղ-տեղ կարող են նպաստել հայկական պետականության շահերին: Ես համոզված եմ, որ Ցյուրիխյան արձանագրությունների դեմ և Հայաստանում, և Սփյուռքում բարձացած բողոքները հայկական բանակցային դիրքերի ամրապնդման որոշակի նպաստ բերեցին, որպեսզի ամբողջ աշխարհը, նաև միջնորդները, նրանք, որոնք ուզում էին այդ արձանագրությունների իրագործումը, իմանան, որ ժողովուրդը դեմ է զիջումների գնալուն, օրինակ, դեմ է պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմակերպելով խնդրո առարկա դարձնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դեմ է երկկողմ պայմանավորվածություններով ճանաչել տարածքային ամբողջականությունները: Զիջումների չգնալու ժողովրդի  կամարտահայտությունը կարող է բանակցող կողմին նպաստավոր լինել, բայց զուգահեռ մեր դիվանագիտությունը պետք է պատրաստվի: Այդ առումով պետք է օգտագործել համահայկական մարդուժը:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերագործարկումը բխում է հայկական կողմի շահերից, այսինքն թույլ չտալու, որ միայն Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեն և սահմանագծման, և Արցախի հակամարտության լուծման առումով, որովհետև այստեղ միջնորդ գերտերությունների մոտեցումները կարող են միանշանակ չլինել, և այդ հակասություններից հայկական կողմը կարող է օգտվել: Այսինքն, եթե որոշ համանախագահող երկրներ ասում են, որ Արցախի կարգավիճակը չի ճշտվել և հակամարտությունը չի լուծվել, դա արդեն հակասում է Անկարայի և Բաքվի հայտարարություններին, թե Արցախի հարցն անցյալում է: Ուրեմն բանակցություններին վերադարձը և դրա միջնորդական ձևաչափը շատ կարևոր է:
 
Խորհրդարանն էլ այս հարցերը չբարձրացրեց ու չքննարկեց: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի քաղաքական դաշտը սպառված է:
 
Ես կցանկանայի, որ բովանդակային բանավեճեր լինեին, բայց այս հանգրվանին չէի ուզենա, որ Հայաստանի խորհրդարանում միակողմանի զիջողական ելույթներ լինեն Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ: Ընդհակառակը, մեր պահանջները  պետք է մի քիչ էլ առավել լինեն, որպեսզի նաև ցույց տրվի պատերազմի բերած հետևանքների ընդհանուր շրջածիրից դուրս բերելու դիվանագիտությունը և անպայման նոր բանակցային գործընթաց սկսելու մեր մոտեցումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը