Փելասարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. վարչապետ


Փելասարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. վարչապետ

  • 27-10-2021 19:36:29   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Փելասարում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Սյունիքի մարզի Փելասարի հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն են սկսել իրականացնել 2020-ի դեկտեմբերից և մինչ օրս շարունակում են իրականացնել։ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը երեկ ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմա կարող եմ արձանագրել՝ 2020-ի դեկտեմբերից որ դիրքերում եղել ենք, շարունակում ենք մնալ»,- ասաց վարչապետը:
 
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման թեմայով փակ քննարկում էր տեղի ունեցել, որին ներկա էին եղել ԳՇ պետի տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։
 
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 18-ին, ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելասարը հանձնվել է Ադրբեջանին, ՀՀ ազգային անվտնգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզի Փելասար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը