Ինչ և ինչպես են պաշտպանում հակավիրուսները. պարզաբանում է Արմեն Կարապետյանը

Ինչ և ինչպես են պաշտպանում հակավիրուսները. պարզաբանում է Արմեն Կարապետյանը

  • 28-10-2021 18:18:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան, 27 հոկտեմբերի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Թեև կիբեռհանցագործները գնալով ավելի շատ նախընտրում են գրոհել խոշոր ընկերությունները, անհատ օգտատերերի վրա զանգվածային գրոհները դեռևս մնում են նրանց զինանոցում։ Անհատ օգտատերերի վրա գրոհների սաստկացմանը նպաստում է նաև համավարակի պայմաններում հեռավար աշխատանքի տարածումը, քանի որ աշխատակցի տան չպաշտպանված սարք ներթափանցելու դեպքում ցանցահենները շատ հաճախ կարողանում են դրա միջոցով թափանցել արդեն ընկերության կորպորատիվ ցանց։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
 
Նա ընդգծեց, որ տնային սարքերը պաշտպանելու լավագույն միջոցը հուսալի հակավիրուսային ծրագրեր կիրառելն է, ինչպես նաև կիբեռհիգիենայի կանոններին հետևելը։ 
 
Հակավիրուսային ծրագրերը, Արմեն Կարապետյանի ներկայացմամբ, նախևառաջ պետք է կարողանան ավտոմատ հայտնաբերել, մեկուսացնել և հեռացնել վնասաբեր ծրագրերը՝ չազդելով սարքի արագագործության վրա։ Այստեղ կարևոր է անֆայլ վիրուսների հայտնաբերումը, որոնք թափանցում են սարքի օպերատիվ հիշողություն, այլ ոչ թե կոշտ սկավատակ և դժվար են հայտնաբերվում։ Բացի այդ, դրանք պետք է պաշտպանեն սարքը կոտրելուց (հաքինգ), ինչը հատկապես անհրաժեշտ է լայն տարածում ստացած ծածկագրող-շորթող ծրագրերից պաշտպանության պարագայում։ Համալիր հակավիրուսների մեկ այլ կարևոր բաղադրիչ է գաղտնիության պաշտպանությունը, որտեղ տվյալների ծածկագրումը կանխում է փոխանցվող տվյալների արտահոսքը։ Դրանք պաշտպանում է նաև հակաֆշինգը՝ կեղծ կայքերի և հաղորդագրությունների հայտնաբերման միջոցով, ինչպես նաև այն բաղադրիչը, որը կանխում է կայքերի և սոցիալական ցանցերի կողմից օգտատիրոջ ակտիվությանը հետևելը և նրա անձնական տվյալները հավաքելը։ Համալիր հակավիրուսները տնային ցանցը և սարքերը պաշտպանում են կանխելով սարքին հեռավար հասանելությունը, ցանցային գրոհները, արգելափակելով գովազդը և պաշտպանելով ստեղնաշարային լրտեսներից։
 
«Հակավիրուսային ծրագրերի ընտրության հարցում օգտատերերին կօգնի անկախ լաբորատորիաների թեստավորումների արդյունքներին ծանոթանալը. դրանք անցկացվում են ամենատարբեր նշանակության նորագույն վնասաբեր ծրագրերի իրական գրոհների նմանակմամբ՝ ըստ տարբեր պարամետրերի»,- հայտնեց Արմեն Կարապետյանը։
 
Ինչ վերաբերում է կիբեռհիգիենային, ապա այստեղ, նրա բնորոշմամբ, առաջին կանոնը զգուշավորությունն է, որը պետք է դրսևորվի հատկապես անծանոթների նամակները և հաղորդագրությունները բացելիս, ինչպես նաև իբր շահավետ առաջարկներին արձագանքելիս։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն