Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր.


Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր.

  • 30-10-2021 20:21:49   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:   Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:   Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:   Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:   

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Ա. Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   

Ոստիկանությունն  ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք