Նոր Նորքի քննչական բաժինը մահվան գործով դրսեւորում է անհասկանալի եւ անընդունելի անգործություն. Լիլիաննա Աբրահամյան


Նոր Նորքի քննչական բաժինը մահվան գործով դրսեւորում է անհասկանալի եւ անընդունելի անգործություն. Լիլիաննա Աբրահամյան

  • 09-11-2021 17:13:49   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բժշկի՝ պատշաճ բժշկական օգնության բոլոր հնարավոր կանոններին հակասող գործողությունների հետևանքով մահացել է Երևան քաղաքի բնակիչ Նարինե Աբրահամյանը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։ Սրտի շրջանում ուժեղ ցավերը բժշկի (եթե, ընդհանրապես, հնարավոր է նրան այդպես կոչել) կողմից որակվել են որպես «նևրոզ», հիվանդանոց տեղափոխելու մասին կնոջ և նրա հարազատների խնդրանքները մերժվել են, և կնոջը տնային պայմաններում այնպիսի ներարկում է արվել, որ բացարձակապես չպետք է արվեր այդ իրավիճակում։ Շտապօգնության անձնակազմի հեռանալուց կարճ ժամանակ անց կնոջ սիրտը կանգ է առել, և նույն անձնակազմը վերադարձել ու արձանագրել է կնոջ մահը։
 
Նոր Նորքի ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ, գործը փոխանցվել է նույն վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքից անցել է ավելի քան 45 օր, սակայն ինչ-որ անբացատրելի պատճառով մինչ օրս նույնիսկ չի հարցաքննվել շտապօգնության անձնակազմի բժիշկը, ավելին՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Անհայտ է՝ այդ բժիշկն ընդհանրապես Հայաստանու՞մ է, թե՞ արդեն հասցրել է փախուստի դիմել։ Ի վերջո, առկա է մարդու մահվան դեպք, որի վերաբերյալ իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել արդյունավետ քննություն՝ արագ, բազմակողմանի ու նաև հրապարակային՝ հաշվի առնելով դեպքի հասարակական նշանակությունը։
 
Այս գործի պատշաճ քննությունը և բոլոր մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը կարևոր են ոչ միայն կոնկրետ դեպքով տուժողի հարազատների համար, այլև ընդհանրապես բժշկական օգնության որակի նկատմամբ իրավապահ մարմինների ուշադրությունն ապահովելու առումով։ Վերջին տարիներին Հայաստանում շատացել են բժշկական ոչ պատշաճ օգնության հետևանքով մարդկանց մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ տուժողների հարազատները, հասկանալի պատճառներով, նույնիսկ չեն էլ դիմել իրավապահ մարմիններին։ Դրա հետ մեկտեղ՝ գրանցվել են նաև բուժաշխատողների նկատմամբ բռնություն մի շարք դեպքեր՝ կապված իրենց մասնագիտական պարտքի կատարման հետ։ Այս հանցագործությունները միմյանց հետ տրամաբանորեն փոխկապված են, և սա ահազանգ պետք է լինի, որ իրավապահ համակարգն առավել ուշադիր լինի այս քրեական գործերի հանդեպ։ Հայաստանի բնակչությունը պետք է օգտվի որակյալ բժշկական օգնությունից։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի մեկ հանգամանք ևս, որը, մեր կարծիքով, ոչ պակաս դեր է ունեցել կատարվածում։ Պարզվում է, որ շտապօգնության բժիշկ աշխատելու իրավունք ունեն ոչ լիարժեք բժշկական կրթություն ունեցող անձինք, այսինքն՝ բժշկական բազային կրթություն ունեցողները, որոնք դեռ չեն անցել կլինիկական օրդինատուրայի կրթական փուլը։ Կարծում ենք, որ անվիճելի է, որ բժշկական օգնության կարևորագույն փուլերից մեկը առաջին, անհետաձգելի բժշկական օգնությունն է, բժշկի արագ ու ճիշտ կողմնորոշվելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ունակությունը, որի համար, եթե մի կողմ թողնենք բժշկի կրթության որակը ու ինտելեկտուալ մակարդակը, բոլորովին երկրորդական չէ նաև մասնագիտական փորձի առկայությունը։ Այնինչ, ստացվում է, որ շտապօգնության բժիշկներ են աշխատում մարդիկ, որոնք ոչ միայն իրենց թիկունքում մասնագիտական աշխատանքի փորձ չունեն, այլ նաև չունեն մասնագիտական լիարժեք կրթություն։ Քանի՞ նման դեպք է պետք արձանագրել, որպեսզի առողջապահության պատասխանատուները հասկանան, որ ոչ լիարժեք բժշկական կրթություն և ոչ փորձառու անձին չի կարելի վստահել առաջին անհետաձգելի օգնություն ցույց տալու պատասխանատվությունը ։ Արդյո՞ք առողջապահության պատասխանատուները կվստահեն իրենց ծնողների, երեխաների ու մյուս հարազատների առողջությունը նման անձանց։ Կարծում ենք, որ՝ ոչ։ 
 
Մահացածի դուստրը՝ Լիլիաննա Աբրահամյանը և փաստաբան Արմեն Գրիգորյանը հետևողական են լինելու, որ այս գործով մանրակրկիտ քննություն իրականացվի, բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ամենայն խստությամբ։ Իսկ քննչական մարմնի անգործությունը շարունակվելու դեպքում բարձրացվելու է նաև գործին ներգրավված պաշտոնյաների պատասխանատվության հարցը ևս, ընդհուպ՝ քրեական պատասխանատվության։ Ինչ վերաբերում է ոչ լիարժեք մասնագիտական որակավորում ունեցող անձանց, առաջին անհետաձգելի բուժօգնություն վստահելուն, ապա սա առանձին պայքարի ուղղություն է, որի հետ կապված՝ պիտի փորձենք հասնել պատկան մարմինների ողջամիտ, պատասպանատու և պատճառաբանված դիրքորոշման, որ նման դեպքերը բացառվեն։ Առաջին բուժօգնությունը պիտի լինի որակյալ և փրկի կյանքեր և ոչ թե՝ հակառակը։
 
Լիլիաննա Աբրահամյան
 
մահացած Նարինե Աբրահամյանի դուստրը 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք