Համապարփակ զեկույցը բացահայտում է Թուրքիայի լոբբինգի ամբողջական ձախողումը Վաշինգտոնում

Համապարփակ զեկույցը բացահայտում է Թուրքիայի լոբբինգի ամբողջական ձախողումը Վաշինգտոնում

  • 10-11-2021 10:56:52   | Հայաստան  |  Քաղաքական

 
Տարիների ընթացքում ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել՝ նկարագրելով ամերիկյան  լոբբիստական այն ընկերությունների գործունեությունը, որոնց միլիոնավոր դոլարներով վարձել են Թուրքիան և Ադրբեջանը։ Բարեբախտաբար, որքան էլ այս երկրները ծախսեն լոբբիստական գործունեության վրա, նրանք չեն կարողանա թաքցնել իրենց ծավալապաշտական և ոչ ժողովրդավարական գործունեությունները։ Էրդողանի մտերիմ ընկերոջ՝ Թրամփի հեռանալուց հետո, Վաշինգտոնում քաղաքական դաշտն ավելի մռայլ է դարձել Թուրքիայի համար՝ նախագահ Բայդենի հանձնառության վերահաստատմամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցները պահպանելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու։
 
Բեն Ֆրիմանը և Վաշինգտոնում գործող Միջազգային քաղաքականության կենտրոնի հետազոտողների նրա խումբն անցյալ ամիս հրապարակեցին 30 էջանոց համապարփակ մի վերլուծություն՝ «Թուրքիայի լոբբին Միացյալ Նահանգներում» վերնագրով։ Զեկույցը ցույց է տալիս, որ Թուրքիայի համար պարզապես անհնար է լինել ԱՄՆ-ի վստահելի գործընկեր՝ միաժամանակ մտերմանալով ՆԱՏՕ-ի հակառակորդ Ռուսաստանի հետ: Բռնապետ սուլթան Էրդողանի դատապարտելի  վարքագիծը նրան դարձրել է մերժված, թե՛ տանը, թե՛ դրսում․․․
 
Զեկույցը մանրամասնորեն բացահայտում է «պատմությունը, թե ինչպես են Թուրքիայի գործակալները փորձել, և հիմնականում ձախողել, փոխելու ԱՄՆ-ի դիրքորոշումը» մի քանի խիստ վիճահարույց թուրքական քաղաքական հարցերի վերաբերյալ արտաքին և ներքին գործերում»:
 
Զեկույցի գործադիր ամփոփագրում ասվում է, որ հետազոտողները «վերլուծել են Օտարերկրյա գործակալների գրանցման օրենքի (FARA) յուրաքանչյուր փաստաթուղթ, որը ներկայացված է 2020 թվականին թուրք հաճախորդների անունից գրանցված կազմակերպությունների կողմից: Այս փաստաթղթերից մենք արձանագրել ենք այդ հաճախորդների համար կատարված յուրաքանչյուր «քաղաքական գործունեություն», FARA-ի այս փաստաթղթերում նշված քարոզարշավի յուրաքանչյուր նվիրատվություն, Թուրքիայի անունից տարածված յուրաքանչյուր «տեղեկատվական նյութ» և իրենց թուրք հաճախորդներից ստացված յուրաքանչյուր դոլար, ինչպես հայտնել են այս կազմակերպությունները»։
 
Ահա զեկույցի հիմնական բացահայտումները.
 
« • Տասնմեկ [ԱՄՆ լոբբիստական] կազմակերպություններ [5 միլիոն դոլար են վճարել գրանցվելու համար] FARA-ի ներքո՝ Թուրքիայի անունից աշխատելու համար 2020 թվականին.
• Այդ կազմակերպությունները հայտնել են, որ 2319 շփում են ունեցել իրենց թուրք հաճախորդների անունից.
• 568 [քաղաքական] նվիրատվություն նախընտրական քարոզարշավներում, ընդհանուր գումարը 526177 դոլար, կատարվել է այդ ընկերությունների և նրանց գրանցված օտարերկրյա գործակալների կողմից.
• Մեկ սենատոր ստացել է քարոզարշավի նվիրատվություն մի ընկերությունից, որը նույն օրը կապվել է նրա գրասենյակի հետ Թուրքիայի անունից»:
 
Թուրքիայի կողմից վարձված ամերիկյան հինգ ամենագործունյա ընկերություններից են՝ Mercury Public Affairs-ը և Greenberg Traurig-ը, որոնք երկուսն էլ դադարեցրել են իրենց պայմանագրերը Թուրքիայի հետ 2020 թ․ հոկտեմբերին, ամերիկահայերի ճնշման արդյունքում՝ անցյալ տարի Արցախի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման ժամանակ: Մյուս երեք ընկերություններն են՝ Venable-ը, LB International Solutions-ը և Capital Counsel-ը։ Վերջինս ևս խզել է պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ 2021 թ․ ապրիլին։ Այնուամենայնիվ, 2021 թ․ սեպտեմբերի դրությամբ դեռևս կան 10 ամերիկյան լոբբիստական ընկերություններ, որոնք վարձված են Թուրքիայի կողմից։
 
Զեկույցում նշվում է 2020 թվականին այս լոբբիստական ընկերությունների կողմից ձեռք բերված շփումների քանակը. Ներկայացուցիչների պալատ (1044), Սենատ (657), լրատվամիջոցներ (377), ուղեղային կենտրոններ (83) և բիզնես (37): Նրանք հիմնականում կապ են հաստատել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և զինված ուժերի հանձնաժողովների հետ։ Կոնգրեսի ամենաշատ շփվող անդամներն էին կոնգրեսական Սթիվ Շաբոտը (հանրապետական, Օհայո), սենատոր Ռոջեր Վիքերը (հանրապետական, Միսսիսիպի) և սենատոր Թոդ Յանգը (հանրապետական, Ինդիանա): Ամենաշատ շփվող լրատվամիջոցներից եղել են՝ «Նյու Յորք թայմսը», «Բլումբերգը», «Վաշինգտոն փոստը», CNN-ը և Wall Street Journal-ը։
 
Հասարակայնության հետ կապերի մասնագետները, որոնք վարձատրվել են Թուրքիայի կողմից, թերթերին ներկայացրել են հոդվածներ, կարծիքի սյունակներ և նամակներ խմբագրերին: Ուղեղային կենտրոններից  չորսը, որոնց հետ կապվել են թուրք գործակալները, ֆինանսավորում ստացել են թուրքական կառավարությունից կամ Թուրքիայի հետ կապված ոչ կառավարական կազմակերպություններից․ Բրուքինգսի ինստիտուտը և Միացյալ Նահանգների գերմանական Մարշալի հիմնադրամը ֆինանսավորում ստացել են Թուրքական արդյունաբերության և բիզնեսի ասոցիացիայից (TUSIAD), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը 2019 թվականին Թուրքիայի կառավարությունից ստացել է առնվազն 100 հազար դոլար և Ամերիկյան առաջընթացի կենտրոնը ֆինանսավորում ստացել է Թուրքիայի կիրառական հետազոտությունների կենտրոնից (CATS):
 
Չնայած Թուրքիայի եռանդուն լոբբիստական ջանքերին, Կոնգրեսը պատժամիջոցներ սահմանեց այդ երկրի դեմ՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար, արգելափակեց ամերիկյան F-35 ռազմաօդային ինքնաթիռների վաճառքը և կասեցրեց Թուրքիային սպառազինությունների բոլոր հիմնական վաճառքները: Բացի այդ, ԱՄՆ-ն արգելափակեց Թուրքիայի՝ Պակիստանին 1․5 միլիարդ դոլար արժողությամբ ուղղաթիռների ծրագրած վաճառքը։
 
2020 թվականին Թուրքիան ներկայացնող լոբբիստական ընկերությունների կողմից քարոզարշավին հատկացված 526 հազար դոլարից 156 հազարը ուղղվեց քաղաքական քարոզարշավի հանձնաժողովներին՝ անհնարին դարձնելով իմանալ, թե որ քաղաքական թեկնածուն ինչքան գումար է ստացել: Մնացած 370 հազար դոլարը ստացող առաջին հնգյակը եղել են՝ կոնգրեսական Վերն Բյուքենան (հանրապետական, Ֆլորիդա)՝ 28 հազար դոլար, սենատոր Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա)՝ 10600 դոլար, կոնգրեսական Քևին ՄաքՔարթի (հանրապետական, Կալիֆորնիա)՝ 9500 դոլար, սենատոր Գարի Փիթերս  (դեմոկրատ, Միչիգան)՝ 9100 դոլար և Այովա նահանգի պարտված Սենատի դեմոկրատ թեկնածու Թերեզա Գրինֆիլդը՝ 6700 դոլար։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան ներկայացնող ընկերությունների նվիրատվությունների ամենամեծ ստացողներից շատերը նաև եղել են թուրք լոբբիստների կողմից ամենաշատ շփվողների թվում։
 
Զեկույցը նաև մատնանշում է «վճարիր խաղալու համար» քաղաքականության մեկ օրինակ. «Առնվազն մի դեպքում Թուրքիայի անունից նվիրատվությունն ու շփումը տեղի են ունեցել ճիշտ նույն օրը: 2020 թ․ մարտի 3-ին Venable օտարերկրյա գործակալը և Կոնգրեսի նախկին անդամ Բարթ Ստուպակը (դեմոկրատ, Միչիգան), խոսել են սենատոր Ջին Շահինի (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) ժամադրություն կազմողի հետ՝ սենատորի հետ հանդիպում խնդրելու համար: Նույն օրը Venable-ը հայտնել է, որ իր օտարերկրյա գործակալներից մեկը 1000 դոլար նվիրատվություն է արել Շահինի քարոզարշավին»։
 
Կարևորն այն է, որ զեկույցը եզրակացրել է՝ «2020 թվականին Ամերիկայում թուրքական լոբբին մի շարք խոշոր մարտեր է մղել և գրեթե բոլոր դեպքերում պարտվել: Թուրքիան շարունակում է պատժամիջոցների տակ մնալ С-400-ների գնման համար, Ֆեթուլլահ Գյուլենը [այլախոհ թուրք հոգեւորական] չի արտահանձնվել Թուրքիային և շարունակում է բնակվել Փենսիլվանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Սիրիայում քուրդ զինյալներին»։ Տեսանելի ապագայում թուրքական կառավարության «ազդեցությունը Ամերիկայում, հավանաբար, լավագույն դեպքում լուսանցքային կլինի»։ Այդ ընթացքում, Թուրքիան շարունակում է միլիոնավոր դոլարներ վատնել Վաշինգտոնում անօգուտ լոբբիստներ վարձելով, մինչդեռ Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ գործազուրկ են և սովի եզրին:
 
Զեկույցը, սակայն, նախազգուշացրել է, որ այն լուսաբանել է «ԱՄՆ-ում Թուրքիայի ազդեցության միայն մի մասը։ Այս զեկույցը, օրինակ, չի անդրադառնում շահույթ չհետապնդող Թուրքական ժառանգություն կազմակերպության ազդեցությանը, որը պարբերաբար միջոցառումներ է անցկացնում՝ հարթակ ապահովելով թուրք պաշտոնյաների համար Միացյալ Նահանգներում։
 
Զեկույցը չի քննարկում նաև ապօրինի ազդեցության գործողությունները, ինչպիսին Մայքլ Ֆլինի աշխատանքն է Թուրքիայի անունից: Ամերիկայում Թուրքիայի ազդեցության միայն մի մասի` նրանց FARA գրանցվածների այս վերլուծությունը, այնուամենայնիվ, խոսուն է»:
 
Թեև ամերիկահայերը Վաշինգտոնում չունեն իրենց անունից աշխատող ազդեցիկ լոբբիստական ընկերություններ, սակայն նրանք ունեն մեծ թվով ընտրողներ և նվիրատուներ մի շարք կարևոր նահանգներում, որոնց ընտրված պաշտոնյաներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան Թուրքիայի կողմից վարձված օտարերկրյա գործակալներին: Ոչ մի լոբբինգ չի կարող թաքցնել սուտը կամ արդարացնել կոռումպացված և բռնապետական թուրքական վարչակարգը:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական