Թուրքիայում իշխող կուսակցությունն ընդունել է, որ չունի 50 տոկոսանոց աջակցություն


Թուրքիայում իշխող կուսակցությունն ընդունել է, որ չունի 50 տոկոսանոց աջակցություն

  • 10-11-2021 17:20:02   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հետազոտությունների և կրթության հարցերով փոխնախագահ Մուստաֆա Շենը հրապարակել է Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Դրանք ներկայացվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թրդողանին և արտացոլում են Թուրքիայում ընտրության իրավունք ունեցողների նախընտրական տրամադրություններն այս պահին:
 
Ըստ Մուստաֆա Շենի ներկայացրած տվյալների՝ այս կիրակի ընտրություններ լինելու դեպքում հարցվածների 38.5 տոկոսը պատրաստ է քվեարկել Էրդողանի գլխավորած կուսակցության օգտին: ԱԶԿ-ի կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) օգտին կողմ է արտահայտվել  9.9 տոկոսը: Այսպիսով հիշյալ կուսակցությունների ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի ընդհանուր ձայները կազմում են ոչ ավել, քան 48.4 տոկոս:
 
Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) ստացել է հարցվածների 25.3 տոկոսի աջակցությունը, իսկ վերջինիս գործընկեր ազգայնական «Լավ» կուսակցությունը վայելում է 12.1 տոկոսի աջակցությունը: Ընդհանուր այս կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքի աջակիցները կազմում են հարցվածների 37.4 տոկոսը:
 
Մյուս ընդդիմադիրներից քրդամետ «Ժողովուրնդերի դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 9.2 տոկոսը, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի գլխավորած «DEVA» կուսակցության օգտին՝ 1.7 տոկոսը: Իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությանն աջակցում է 1.1 տոկոսը:
 
Նշենք, որ վերջին ամիսներին գրեթե ամեն շաբաթ հրապարակվում են ընտրություններին առնչվող տարբեր սոցհարցումների արդյունքներ: Դրանցում իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 29-33 տոկոսի սահմաններում, իսկ գործընկեր ԱՇԿ-ի վարկանիշը՝ 8-9 տոկոսի սահմաններում:
 
Այս տվյալները հրապարակելով՝ ԱԶԿ-ն հերքում է Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության վարկանիշի կտրուկ անկման մասին լուրերը, բայց միևնույն ժամանակ ընդունում է, որ չունի այնքան աջակցություն, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել:
 
Հիշեցնենք, որ 2018թ. անցկացված ընտրություններում «Ժողովուրդ» դաշինքը հավաքել էր 53.7 տոկոս ձայն, որից 42.6 տոկոսը բաժին է հասել ԱԶԿ-ին, իսկ 11.1 տոկոսը՝ ԱՇԿ-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը