Ճարտարում 47 տեղահանված ընտանիք է հաստատվել. քաղաքապետ (լուսանկարներ)
10-11-2021 18:44:56 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Մարտունու շրջանի Ճարտար քաղաքը 3900 բնակիչ ունի։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը:
Խոսելով բնակավայրի հիմնադրման ու անվան նշանակության մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ այն հիմնադրվել է դեռևս 4-րդ դարում. շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում Ճարտարում հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանին վերագրվող խոյակ: «Ճարտար» անվանումն էլ, ըստ մեր զրուցակցի, առաջացել է բնակիչների հմուտ, ձեռներեց, ճարտարախոս լինելու առանձնահատկություններից։
«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 47 ընտանիք է հաստատվել այստեղ՝ 156 հոգով: Նրանք օգտվել են ԿԽՄԿ-ի կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից: Քաղաքում գործում է հիվանդանոց, 3 հանդիսությունների սրահ, մարզադահլիճ, 2 մարզադաշտ, արվեստի դպրոց, մարզամշակութային պալատ, որը կրում է հերոս Սևակ Ղուկասյանի անունը, ով 2011 թվականի ապրիլի 29-ին հերոսաբար ընկավ թշնամու գնդակից:
Այստեղ է գտնվում Սուրբ Վարդանանց եկեղեցին, որը բնակիչների աղոթատեղին է դարձել: 2018 թվականի հունիսի 16-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Այն կառուցվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով։
Բնութագրությունը հասանալի չէ
Ճարտարն ունի 4 դպրոց, որտեղ հաճախում է 560 աշակերտ, և 2 մանկապարտեզ. յուրաքանչյուրն ունի 85 սան: Քաղաքը գազաֆիկացված է ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ»,- ներկայացրել է Վ. Հովհաննիսյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում հանուն Արցախի նահատակվեցին 43 ճարտարեցիներ, որոնց անունն ու գործը արժևորվում են ապրողների նվիրումով:
Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմից հետո շուրջ 75 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք է մնացել թշնամու տիրապետության տակ, սակայն ճարտարցիները չեն ընկճվում, շարունակում են զբաղվել հողագործությամբ՝ շենացնելով հարազատ բնակավայրը: