Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հսկողություն չսահմանելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Փաշինյան


Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հսկողություն չսահմանելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Փաշինյան

  • 11-11-2021 12:35:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնելու Ադրբեջանը որոշմանը, հայտարարեց, որ եթե Ադրբեջանի կողմից հսկողություն չիրականացվեր, դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը Հայաստանի համար անընդունելի է:
 
«Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրվեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել: Իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու է միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը:
 
Երկրի ղեկավարը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մշապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային և անձնագրային հսկողության:
 
«Այսինքն` չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ: Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ֆորմատում և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը հստակեցրեց` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես` տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով:
 
«Ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների` եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Փաշինյանը:
 
Անդրադառնալով Գորիս-Կապան հատվածի մասով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:
 
«Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն և ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին:  Մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play