Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը. Բաքուն մոռանում է, որ Արցախի խնդրի շուրջ բանակցում է Երեւանի հետ


Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը. Բաքուն մոռանում է, որ Արցախի խնդրի շուրջ բանակցում է Երեւանի հետ

  • 11-11-2021 13:05:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Նոյեմբերի 9-ին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցն Արցախի Հանրապետություն հստակ, միանշանակ ուղերձ էր Ադրբեջանին, Թուրքիային ու ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետությունը: Դա բնական  կարգավիճակ է, քանի որ 7 մլն բնակչությամբ Ադրբեջանի եւ 80 միլիոնանոց Թուրքիայի ագրեսիաներին 160 հազար արցախցիները չեն կարող դիմակայել առանց բարեկամ երկրների: Վերջիններիս թվում առաջինը բնական դաշնակից Հայաստանն է, այնուհետեւ` Ռուսաստանը, որի խաղաղապահ զորակազմն իրականացնում է հրադադարի պահպանման կարեւորագույն գործառույթը:
 
ՀՀ պաշտպանության նախարարի այցից հետո Ադրբեջանի ռազմական գերատեսչության բարձրացրած աղմուկը չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ: Առավել զավեշտալի են պաշտոնական Բաքվից հնչող այն գնահատականները, թե Արցախի պաշտպանության բանակի մարտունակության մասին Արշակ Կարապետյանի հայտարարությունները «ռազմաքաղաքական սադրանք» են, եւ դրանով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ սահմանված դրույթներն ու նպատակ ունի լարվածություն առաջացնել տարածաշրջանում եւ ստվերել ռուս խաղաղապահների գործունեությունը»։
 
Մինչդեռ այսօր Ադրբեջանն է հրադադարի ռեժիմը խախտելով գնդակահարում Արցախի խաղաղ բնակիչներին՝ բանվորին ու գյուղացուն, գրեթե ամենօրյա ռեժիմով շփման գծում կրակահերթեր արձակում՝ դրանով վարկաբեկելով ռուսական խաղաղապահ առաքելությունը: Այդ ամենի համայնապատկերին Հայաստանի պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն ռուս «խաղաղապահների գործողության ստվերում» գնահատելն անհեթեթ է ու առողջ տրամաբանությունից բոլորովին զուրկ: Մյուս կողմից էլ հենց Ադրբեջանն է ճանաչել Հայաստանը որպես արցախահայության շահերը ներկայացնող պետություն, որի հետ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցել է ու շարունակելու է բանակցել: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է լքել բանակցությունների սեղանը, եթե Բաքուն դրա շուրջ նստի պաշտոնական Ստեփանակերտի հետ:
 
Եթե Բաքուն հիվանդագին ձեւով խուսափում է Արցախի կարգավիճակի շուրջ ուղիղ բանակցել Արցախի Հանրապետությունը ներկայացնող օրինական ղեկավարության հետ, ապա ստիպված է համակերպվել, որ Հայաստանը, որպես Արցախի ժողովրդի իրավունքի եւ անվտանգության երաշխավոր, միշտ էլ պահպանելու է նրա հետ կապերը բոլոր ոլորտներում՝ աջակցելով տեղի բնակչության անվտանգության խնդիրների լուծմանը: Իսկ այն, որ արցախցու անվտանգությունը վտանգված է, պարբերաբար ապացուցում է հենց Ադրբեջանը՝ հրահրվող սահմանային միջադեպերով, որոնց ընթացքում զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ ու ԱՀ ՊԲ զինծառայողներ: Ադրբեջանի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ քննարկումից դուրս է: Դրանց վերսկսման անհրաժեշտության մասին հայտարարում են բոլոր միջազգային կառույցները եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները:
 
Մասնավորապես այդ դրույթն էր շեշտվում հրադադարի հաստատման մեկ տարվա առնչությամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հրապարակած ուղերձներում: Երկու պետություններն էլ անդրադարձել են Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման եւ հիմնահարցին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությանը: ՌԴ-ն իր ուղերձում հիմնական շեշտը դրել է պատերազմի հումանիտար հետեւանքների վերացման վրա, ինչի ուղղությամբ մեծ ներդրում ունեն այդ երկրի ԱԻՆ-ը, հասարակական կազմակերպությունները եւ խաղաղապահ զորակազմը: Իսկ ԱՄՆ-ն շեշտադրել է բոլոր գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների հաշվառման եւ իրենց տներ տեղահանվածների կամավոր վերադարձի անհրաժեշտությունը: Վաշինգտոնի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Մենք նաեւ կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները»:
 
ՌԴ ԱԳՆ-ն էլ ուղերձում առանձնացրել է երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման, սահմանազատման եւ հաղորդակցության ուղիների բացման հարցերը: Երկու երկրների ուղերձներում բարձրացված բոլոր կետերը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների քաղաքական օրակարգում են, իսկ ամբողջ խնդիրն այն է, որ դրանց իրականացմանը խոչընդոտում է Ադրբեջանը՝ ռազմատենչ, ոչ կառուցողական հայտարարություններով եւ հրադադարի խախտման պարբերական գործողություններով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը