Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար
11-11-2021 13:41:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ:
«Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարի խոսքով` Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածին հարող բնակավայրերում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու։