Էյվազլի-Չայզամի, գինը միջանցքն էր լինելու․ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհի մասին


Էյվազլի-Չայզամի, գինը միջանցքն էր լինելու․ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհի մասին

  • 11-11-2021 15:36:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին։ «Սույն թվականի օգոստոսից Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ մաքսաին վարչարարություն էր իրականացնում։ Այսինքն՝ մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավտոճանապարի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումն ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։ Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել։ Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար։ Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ իրանական, որոնք ազատ երթևեկում էին»,- ասաց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝ երեկ կեսգիշերից մինչև լուսաբաց Կապան-Տաթև ճանապարհով անցել է մինչև 100 կցորդիչով բեռնատար։
 
«Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում՝ այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի։ Ընդգծեմ նաև, որ նոր երթուղով Երևանից-Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, ընդհակառակը, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Սրան գումարենք նաև այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ, և ճանապարհի որակն էական փոխվում է։ Այլընտրանքային ճամապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս։ Երթևեկութան տրամաբանության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը արագ կլուծենք»,- ասաց նա։
 
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Հիմա այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Ադրբեջանի կայացրած որոշմանը։ Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է։ Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողությամբ։ Այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ։ Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ֆորմատում, և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»։
 
 
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացները ապաշրջափակելու մասով։ «Ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմոնիկացիաները ապաշրջափակելու հարցում։ Եվ հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա։ Վերադառնալով Գորիս-Կապան ճանապարահահատվածին՝ ընդգծեմ, որ ՀՀ-ն նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։ Այդ ընթացքում մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել՝ այս չափազանց կարևոր ժամամակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը