Պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել դեմարկացիա և դելիմիտացիա. Թագուհի Թովմասյան


Պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել դեմարկացիա և դելիմիտացիա. Թագուհի Թովմասյան

  • 11-11-2021 17:09:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ըստ էության պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել դեմարկացիա և դելիմիտացիա։ Փաստացի ՀՀ սահմանները փոփոխվում են, մենք այլընտրանքային ճանապարհ ենք կառուցել։ Եվ սսացվում է, որ այս գործընթացների համար չունենք իրավական որևէ հիմնավորվածություն»,- ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին, գրում է Lragir.am-ը: 
 
Նա նշեց, որ շատ կարևոր հարց է այն, թե ի՞նչ հիմքով է ՀՀ իշխանությունը հայտարարում, թե ճանապարհի 21 կմ-ոց հատվածն Ադրբեջանինն է։ «Ես կարծում եմ, որ եթե Հայաստանում կան ուժային կառույցներ, Գլխավոր դատախազություն, որն սպասարկում է պետական շահ, ապա վայրկյան առաջ պետք է իրավական բնույթի գնահատական տրվի այս իրավիճակին, որովհետև սրանք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ են։ Երբ անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն ու ճանապարհն անցնեն, գուցե պարզաբանեն՝ ի՞նչ արտարժույթով, որտե՞ղ ենք վճարելու, Ադրբեջանի օրենսդրությունը մեկնաբանեն, որ ՀՀ քաղաքացիները հասկանան՝ ում ինչքան պետք է վճարեն։ Զավեշտալի է սա, նաև հարց է, թե ի՞նչ է լինելու խախտման դեպքում։ Այսինքն՝ եթե խախտում տեղի ունեցավ, որևէ քաղաքացի չվճարեց, ի՞նչ է լինելու ու ինչպե՞ս է պաշտպանելու իր իրավունքները, ում է դիմելու դրա համար»,- նշեց Թովմասյանը։
 
Նա հավելեց, որ եթե իշխանությունները խաղաղության այսպիսի օրակարգ ունեին, ուրեմն պետք էր հայտարարել՝ «մենք եկել ենք իշխանության խաղաղության օրակարգով և խաղաղության գինը սա է», և ժողովուրդը թող իր գնահատականը տար՝ ուզո՞ւմ էր խաղաղության համար վճարել այս գինը։ «Այս իրավիճակում հայտարարել, թե՝ մենք ունենք պողպատյա մանդատ, որևէ մեկին իրավունք չի վերապահվում միանձնյա որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության պետական սամանների փոփոխության մասով»,- նշեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը