ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը

  • 11-11-2021 21:14:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
 
«Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
 
Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների ու այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան»,- ասված է հայտարարության մեջ:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ  համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
 
«Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությամբ:
 
Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ուղղված  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն ՝ իրենց մանդատի շրջանակներում:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը