10 երեխաների թունավորման պատճառ դարձած «Էլկա» մանկական կենտրոնի գործունեությունը կասեցվել է


10 երեխաների թունավորման պատճառ դարձած «Էլկա» մանկական կենտրոնի գործունեությունը կասեցվել է

  • 12-11-2021 18:34:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՍԱՏՄ տեսուչները 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան):
 
Արդյունքում անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: 
 
Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից՝ մանրամասնելով.
 
Չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը,
Նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար,
Սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ,
Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:
Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:
 
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
 
Ի դեպ, «Էլկա»  մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100.000 դրամի չափով:
 
Հիշեցնենք, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: 
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր ընդունվել 8 երեխա՝ սննդային թունավորման կասկածով: Նրանցից 5-ը գտնվում էր բուժհաստատության բոքսային բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում՝ միջին ծանրության:
 
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թունավորման պատճառը եղել է հավի մսով պատրաստված ուտեստը: 
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թունավորված երեխաների թիվը ոչ թե 8, այլ 10-ն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը