Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ


Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ

  • 12-11-2021 19:19:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախցի մի խումբ կանայք՝ Արմինե Ավագիմյանը, Քրիստին Բալայանը, Գայանե Սարգսյանը, Մարինա Մկրտչյանը, Դիանա Համբարձումյանը և Ծովինար Պետրոսյանը նախաձեռնել են հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու հանրության մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։

Այս մասին «Արցախպրես»-ին  տեղեկացրեց   հանդիպման նախաձեռնող խմբի անդամ Արմինե Ավագիմյանը:
 
«Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրմուղ֊ կոյուղու՝ ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող  անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանցի զինծառայողը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, ևս 3 աշխատակից՝ վիրավորվել:
 
Սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության  արդեն երկրորդ դեպքն է,  արցախահայությունը ծայրաաստիճան  անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել՝ ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված:
 
Այդպիսով արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք  անվտանգության գործող  մեխանիզմների վերանայման անհրաժեշտության,  հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ խնդիրների մասին, ինչպես նաև նրան ենք փոխանցել նշված բովանդակությամբ դիմումը», - մեզ հետ զրույցում նշել է  Ա. Ավագիմյանը և հավելել, որ հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում, խաղաղապահ զորակազմի հրամանատարն արտահայտած մտահոգությունները համարել է բնական և խոստացել անդրադառնալ շոշափվող և հանրությանը հուզող հարցերին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը