Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Ռումինացի պատգամավոր


Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Ռումինացի պատգամավոր

  • 13-11-2021 12:30:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Որոշ տարածաշրջանային ու արտաքին դերակատարների ուղղակի ու անուղղակի ներգրավվածությամբ պատերազմը պատճառ դարձավ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում հազարավոր զոհերի, տասնյակ հազարավորների տեղահանման, տասնյակ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարման: Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում շատ պատմական ու կրոնական հուշարձաններ, այդ թվում և այնպիսիք, որոնք համարվում են քրիստոնեական ժառանգության կարևոր վայրեր, ոչնչացվեցին, վնասվեցին կամ դեռ վտանգված են:
 
Վստահ լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կողմերը պետք է վերսկսեն քաղաքական երկխոսությունը միջազգային միակ համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո: Ուստի ես քաջալերում եմ ռումինական կողմի ջանքերին, որին աջակցում են ԵՄ անդամ տասը երկրներ, դրդելու Բրյուսելին ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, մասնավորապես կենտրոնանալով նախորդ տարվա ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների անհապաղ հաղթահարման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Բեն-Օնի Արդելեանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը