Բեկման պահը


Բեկման պահը

  • 13-11-2021 16:55:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. 

«Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում 22-ամյա հայ երիտասարդի ցուցադրական սպանությունը, որն իրականացվել է հակառակորդի հատուկ ջոկատայինի կողմից, կարող է հետհաշվարկի սկիզբը դառնալ։ Այսօրվա միջադեպը, երբ նոյեմբերի 8-ին սպանվածի հարազատը նռնակ է նետել ադրբեջանական դիրքի ուղղությամբ, այս հետհաշվարկի առաջին կետն էր։
 
Արցախում Հայաստանի դեմ ռազմական արշավը կառուցված է թուրքերի ձեռքով տեռորի և ռուսների ձեռքով հայերի զինաթափման վրա։ Կամ հակաօդային պաշտպանությունը չի աշխատել, կամ Իսկանդերը չի կրակել, իսկ Խծաբերդ գյուղի մոտ հայ զինվորականներին հակառակորդին հանձնելու ռուսական զորքերի հատուկ գործողությունը դարձել է հիբրիդային պատերազմի «դասական» օրինակ։
 
Ռուսաստանը հասավ Արցախում իր զորքերի տեղակայմանը Արցախի կարգավիճակի ոչնչացման և Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը թուրքերին հանձնելու դիմաց, իսկ Աղդամում ստեղծեց թուրքական «մոնիթորինգային» կենտրոն։ Ռուսաստանը հասկանում է, որ հնարավոր չէ երկար ժամանակ կապած պահել հայերի ձեռքերը։
 
Հետհաշվարկի սկիզբը դրված է, և դա ցույց տվեցին մի քանի կարևոր իրադարձություններ. նոյեմբերի 9-ի չկայացած հանդիպումը Մոսկվայում, որտեղ չստորագրվեց «խաղաղության պայմանագիրը», թյուրքական խորհրդի նիստում «Զանգեզուրի» բաղձալի միջանցքի բացման մասին Ալիևի հայտարարության բացակայությունը, Հայաստանի խորհրդարանում թեև չընդունված, բայց իրողությունները հստակորեն ամրագրող հայտարարության նախագիծը, ՀՀ նախագահի հայտարարությունը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության մասին, Արցախի խորհրդարանի հայտարարությունը միջազգային հանրությանը ուղղված պահանջներով, Փարիզում հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և «մնացած հարցերի» լուծմանն ուղղված ջանքերի հիշատակումը, ԱՊՀ երկրների վարչապետերի նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետի պատասխանը, որ հակամարտության ռազմական լուծումը չի կարող համարվել կարգավորում, Ալիևի ջղաձգական հայտարարությունները Հայաստանին զենք վաճառելու անթույլատրելիության մասին, որը «նա կարող է օգտագործել ռեվանշի համար», և վերջապես նոյեմբերի 13-ի վրեժխնդրությունը։
 
Ռուս խաղաղապահները ձերբակալել են հայ քաղաքացուն, ով նռնակ է նետել ադրբեջանական դիրքի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահների գործողությունների «շնորհիվ» վերանում է հիպնոսը Արցախում, իսկ ռուսական եկեղեցու եւ մզկիթի, Խոջալուի ու Երասխի ռուսական հուշահամալիրների բացումը հիշեցնում են օկուպացիոն ակտեր եւ միայն վանում են»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը