Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ

  • 15-11-2021 10:30:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՆԱՏՕ-ի երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է մաս կազմի կազմակերպությանը։ Այս մասին կիրակի օրը HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
 
«ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար դուք պետք է համապատասխանեք չափանիշներին: Մենք օգնում ենք նրան (Ուկրաինային) պայքարել կոռուպցիայի դեմ, բայց կազմակերպության 30 անդամներ պետք է ընդհանուր կարծիքի գան, և ՆԱՏՕ-ում դեռևս կոնսենսուս չկա», - ասել է նա:
 
Ստոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդել է հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն պարզաբանել է, որ այս երկիրը չի ենթարկվում կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։
 
2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն հրաժարվեց երկու երկրներին տրամադրել Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP), որը իրավական ընթացակարգի առաջին քայլն է կազմակերպությանն անդամակցելու համար:
 
 Բրյուսելի փորձագետների կարծիքով՝ վերջին 12 տարիների ընթացքում Կիևն ու Թբիլիսին բավականին հեռացել են դաշինքին միանալու հեռանկարից։ ՆԱՏՕ-ն չի ընդունում տարածքային չլուծված խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտության մեջ։
 
2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որոնք ամրագրում են Ուկրաինայի ձգտումները դեպի ՆԱՏՕ՝ «եվրաատլանտյան կուրսի անշրջելիություն» ձևակերպմամբ։ Մինչև 2020 թվականը Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համատեղելիության ապահովումը ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ ամրագրված է 2015 թվականին ընդունված ռազմական դոկտրինում։
 
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, սեպտեմբերի վերջին մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, խոստովանել է, որ մինչ այժմ փոխհամաձայնություն չկա դաշինքում Ուկրաինային մուտք տալու ժամկետների վերաբերյալ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը