Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ

Դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը առաջին հերթին պետք է Հայաստանին. ԱԺ նախագահ

  • 15-11-2021 17:55:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել:
 
«Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է մեր կողմից, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի  գործընթացը պետք է սկսվի: Պետք է հասկանանք, որ այն ինչ-որ այսօր կատարվում է, դա իր հետքը թողելու է բոլոր տեսակի բանակցությունների վրա, որովհետև այն գործունեությունը, որն այսօր Ադրբեջանը ծավալում է, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից: Դրա մասին բարձր ասվել է և մենք մեր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցը նույնպես քննարկել են և քննարկում ենք»,- ընդգծեց Սիմոնյանը:
 
Նրա խոսքով` դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը, սահմանների ճշտումը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը:
 
 «Մենք պետք է ֆիքսենք՝ Հայաստանը որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում, որպեսզի շահարկումներ չլինեն, որպեսզի չփորձեն դրա հիման վրա ներքին և արտաքին քաղաքական ազդեցություններ ունենալ, որից կարող են օգտվել նաև մեր հակառակորդները»,- եզրափակեց Սիմոնյանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը