Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքերից դուրս են եկել


Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքերից դուրս են եկել

  • 15-11-2021 18:31:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ նախագահի խոսքով` 4 հենակետ կա, որոնք որևէ մեկի կողմից չեն վերահսկվում. այդ հենակետերը դիրքերի փոփոխության արդյունքում ուղղակի դատարկ են։

Sputnik. Արևելյան ուղղությամբ, որտեղից ադրբեջանական կողմը ներխուժել էր ՀՀ տարածք, որևէ բան այս պահին չի կատարվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով, թե այս պահին ինչ իրավիճակ է տիրում հայ–ադրբեջանական սահմանին։
Փաշինյանն այսօր ԱԽ նիստ էր հրավիրել և հայտարարել` ադրբեջանական զորքերը արևելյան կողմից երեկ ներխուժել են ՀՀ տարածք։ Նա նաև ասել էր, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է աշխատանքից, և այդ որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում:
«Ադրբեջանական զորախումբը, որն առաջ էր եկել, արդեն հետ է քաշվել։ Իսկ 4 հենակետեր կան, որոնք որևէ մեկի կողմից չեն վերահսկվում. այդ հենակետերը դիրքերի փոփոխության արդյունքում ուղղակի դատարկ են։ Հայկական զորքը չի նահանջել. այդտեղ մի քանի հենակետ է եղել, որոնք այս պահին ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմից չեն վերահսկվում»,–ասաց Սիմոնյանը։
 
Լրագրողների դիտարկմանը, թե մեր զինվորները փաստորեն դուրս են եկել այդ դիրքերից, Սիմոնյանն արձագանքեց. «Այո, այդ 4 դիրքերից մեր զինվորները դուրս են եկել»։ Նա հավելեց, որ այդ լանդշաֆտն օգտագործելը ձեռնտու չէ Ադրբեջանին։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ դա հայկական տարածք է, և սահմանազատման աշխատանքների ժամանակ կապացուցեն դա։ Սիմոնյանը վստահ է, որ սահմանազատման ժամանակ Ադրբեջանը հետ է գնալու, քանի որ հակառակ դեպքում մենք նույնպես կարող ենք որոշ տեղերում հետ չգնալ։
 
 
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը