Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական, այն քաղաքական պաշտոն է. Վիգեն Խաչատրյան

Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական, այն քաղաքական պաշտոն է. Վիգեն Խաչատրյան

  • 15-11-2021 20:48:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես արդեն armtimes.com-ը  հայտնել էր, Արշակ Կարապետյանն այսօր ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից և նրան փոխարինելու է ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ ԱԽ նիստում հայտարարել էր, որ այս պահին իրադրությունն իրեն հանգեցրել է որոշման, որ պետք է պաշտպանության նախարարը փոխվի։
 
Անվտանգության խորհուրդն էլ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ադրբեջանական ԶՈՒ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն էլ դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ, նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Սուրեն Պապիկյանի նշանակմանը, շեշտեց՝ պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը լինի զինվորական:
 
«Պաշտպանության նախարարությունը քաղաքական պաշտոն է: Զինվորական արվեստին ծանոթ լինելու մասով, եթե նայենք, ապա դրա համար կա ԳՇ: Նման դեպքեր լինում են, երբ քաղաքական պաշտոնում նշանակվում է մարդ, որն այդ ոլորտում մասնագետ չէ, սակայն նախորդ աշխատանքում նա իրեն լավ է դրսևորել»,- նկատեց Խաչատարյանը:
 
Դիտարկմանը, որ ՀՀ-ն պատերազմական ժամանակաշրջան է ապրում, հարցին՝ արդյոք ճի՞շտ է մեզ համար այս բարդ շրջանում պաշտպանության նախարարներին հաճախակի փոխելը, պատգամավորն ասաց.
 
«Այո, կադրային հաճախակի փոփոխությունը ցանկալի երևույթ չէ, բայց, եթե իրադարձությունների թելադրանքը դրան է տանում, ապա ողբերգություն դրա մեջ պետք չէ փնտրել: Արտառոց բան ես չեմ տեսնում»:
 
Խոսելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին՝ Խաչատրյանը նշեց՝ սա մշակված քաղաքականություն է: «Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է շեշտել, նախ մեզ ամուր նյարդեր են պետք»:
 
Հարցին՝ բացի ամուր նյարդեր ունենալուց, ՀՀ-ն ի՞նչ գործողությունների պետք է դիմի՝ սադրիչ գործողությունները կանխելու համար, արդյոք համարժեք գործողություններին ՀՀ-ն է՞լ պետք է դիմի, պատգամավորը նշեց.
 
«Մեզ, նախևառաջ, պետք է ներքին կայունություն: Բայց մեր մեջ կան մարդիկ, որոնք շատ արագ խուճապի են մատնվում, և կան մարդիկ, որոնք շահագրգռված են՝ ինչքան վատ, այդքան լավ. այդ մարդկանց շատ լավ գիտենք: Մենք և Ադրբեջանը տարբեր իրավիճակներում ենք գտնվում: Սիմետրիկ քայլերը մեր կողմից կլինեն անխոհեմություն: Առայժմ մենք ունենք խնդիր՝ ուժեղանալու և ամրապնդվելու: Այո, մենք ծանրագույն իրավիճակում ենք հայտնվել և խոհեմ քայլերով պետք է այս դրությունից դուրս գանք»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը