Երևանը Մոսկվայից դիվանագիտական ու ռազմական աջակցություն է ակնկալում. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Коммерсант-ին

Երևանը Մոսկվայից դիվանագիտական ու ռազմական աջակցություն է ակնկալում. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Коммерсант-ին

  • 17-11-2021 15:27:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ռուսական Коммерсант-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հատկապես ի՞նչ օգնություն է ակնկալում հայկական կողմը՝ 1997 թվականի համաձայնագրի շրջանակում դիմելով պաշտոնական Մոսկվային:
 
Արմեն Գրիգորյանը, ով Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, նշել է, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Դա ագրեսիայի գործողություն է: 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նման դեպքերում փոխադարձ օգնել միմյանց: Հենց այդ առնչությամբ էլ դիմել ենք Ռուսաստանին»,- ասել է Գրիգորյանը:
 
Коммерсант-ի ճշտող հարցին, թե հատկապես ինչպիսի՝ ռազմական, թե դիվանագիտական օգնություն է Երևանն առաջնահերթ ակնկալում ռուսական կողմից՝ նա պատասխանել է. «Մենք կողմնակից ենք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով դա անել հնարավոր չլինի, ապա պետք է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով»:
 
Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի համար այս հարցում առաջնահերթ են Ռուսաստանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): «Սակայն եթե լուծում չգտնվի, ապա մենք կսկսենք դիտարկել նաև մյուս հնարավորությունները»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
 
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 
 
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
 
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և  գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը