Իսկ ո՞ւմ է պատկանում այդ 41 քառակուսի կիլոմետրը

Իսկ ո՞ւմ է պատկանում այդ 41 քառակուսի կիլոմետրը

  • 17-11-2021 16:12:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am․ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել է ուղղակի ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որը մայիսի 12-ի անպատժելիության արդյունք է, երբ Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 41 քմ կիլոմետր հատվածը։ Հայաստանի միջազգային գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Բաքուն և նրան աջակցող ուժերը սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը և անկախությանը, ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ «Հայաստանը հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանագրերի դրույթներին»։
 
ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ զինված բախումները դադարեցվել են ժամը 18.30-ին՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
 
Հայաստանի վարչապետի ելույթի տոնայնությունն ամբողջությամբ արտացոլում է Երևանի քաղաքականությունը, որով Հայաստանի սահմանադրական պատասխանատվությունը գցվում է միջազգային գործընկերների վրա։ «Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները» ոչ թե «միջազգային գործընկերների» լռության պատճառով, այլ այն պատճառով, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կատարում իր անմիջական պարտականությունները։ Առաջին հերթին, չի կարողանում որոշել իր պատասխանատվության սահմանները։
 
Երեկ տարածված տեսանյութը վկայում է սահմանին որևէ պաշտպանական կառույցի, սահմանային ամրությունների և դիմադրելու մտադրության բացակայության մասին։ Երեկ Հայաստանի Անվտանգության խորհուրդը պնդում էր, որ «չկրակելու հրաման» չկար։ Իսկ արդյոք եղել է Հայաստանի սահմանը ամրացնելու և այն «անպայման» պաշտպանելու հրաման։ Ո՞վ թույլ չի տալիս զինվորականներին խրամատներ փորել՝ նրանց թողնելով վրաններում։
 
Արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճանաչում է Հայաստանի «ինքնիշխան սահմանները»։ Նիկոլ Փաշինյանը միայն հիմա է խոսում Հայաստանի 41 քառ. կմ. տարածքի օկուպացիայի մասին, իսկ մինչ այդ խոսում էր ինչ որ «սովետական» սահմանների մասին, Էյվազլիի ու Չայզամիի մասին, որ «մենք մեր տարածքներից ոչ մի մետր չենք զիջել»։ Իսկ ո՞ւմ է պատկանում այդ 41 քառակուսի կիլոմետրը։
 
Հայկական տարածքների նկատմամբ իրավասության գիտակցության բացակայությունը հայկական պետականության գոյության հարցը հանգեցնում է նրան, թե ում պետք է դիմել օգնության համար։ Ավելին, սեփական իրավասության անորոշությունը և «հավատարմությունը եռակողմ համաձայնագրերին» թույլ չեն տալիս դիմել միջազգային լեգիտիմ ուժերին։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը