Շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան․ նախարար


Շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան․ նախարար

  • 18-11-2021 13:36:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Շրջափակման մեջ գտնվող գյուղեր չկան, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
 
Շեշտելով, թե սոցցանցերում պարբերաբար լինում են պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ՝ գործադիրի ղեկավարը հետաքրքրվեց նախարարից, թե «ունե՞նք գյուղեր, որոնք շրջափակման մեջ լինեն»։
 
«Չկան, և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Մեր գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ են կապված։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, երբ որ Գեղանուշ-Ճակատեն հատվածը խճապատենք, ավելի մատչելի կդառնան», - ասաց Սանոսյանը։
 
Շեշտելով, որ այդ գյուղերը Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն՝ վարչապետն ընդգծեց՝ այդտեղ ճանապարհի կարճության մասին է խոսքը և որևէ կենսաապահովման խնդիր չկա։
 
Ըստ Սանոսյանի, այս պահին փաստացի 7 ճանապարհ է կառուցվում, վերանորոգվում։ Կան ճանապարհներ, որոնք արդեն շահագործման են հանձնված, մասնավորապես նշելով Տաթև-Աղվանի ճանապարհը։
 
«Մեր ծրագիրն է դեպի գյուղեր տանող ուղղություններով օր առաջ ունենալ գրունտային ճանապարհներ, որը երթևեկելի կլինի բոլոր մեքենաների համար՝ բոլոր եղանակներին», - ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ 2022-ին այդ բոլոր ճանապարհներն արդեն պատրաստ կլինեն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը