Էրդողանի և Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության. Արմեն Պետրոսյանն

Էրդողանի և Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության. Արմեն Պետրոսյանն

  • 19-11-2021 17:00:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է
 
Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ Ռ.Թ. Էրդողանի և Դ. Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի անթաքույց ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության համար՝ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագծի խափանման ուղղությամբ արտաքին համախոհություն ձևավորելու հարցում։
 
Պանթյուրիստական գաղափարախոսության առարկայացման բարձրակետ համարվող վերոնշյալ քարտեզը հստակ ուրվագծում է այն բոլոր երկրներն ու ուղղությունները, որոնց հարցում տարիներ շարունակ Անկարան նպատակային քաղաքականություն է վարել, իսկ ապագայում առավել ակտիվորեն է իրականացնելու՝ ներկա աշխարհակարգի պայմաններում «Մեծ Թուրանի» կամ «Թյուրքական բևեռի» ծրագիրը կենսագործելու նպատակով։ Քարտեզն ընդգրկում է տարածքներ Բալկանյան թերակղզուց, Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից, Մոնղոլիայից, հատվածներ Սիրիայից, Իրաքից, ներառում է թյուրքախոս երկրներին (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան)։ Եվ  որ ամենակարևորն է՝ ծրագրի բանալին այսօր Հայաստանի Սյունիքի մարզում է՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքը», որը կոչված է ապահովելու անխափան կապը ծրագրի բոլոր հատվածների միջև։
 
ՀՀ դիվանագետներին, Սփյուռքում լոբբինգ իրականացնող մեր հայրենակիցներին և գործընկերներին ընդամենն անհրաժեշտ է իրենց սմարթֆոններում ունենալ գրառմանը կցված լուսանկարն ու Հայաստանի քարտեզը և իրենց աշխատանքային շփումներում, հրապարակային ելույթներում հիմնավոր կերպով պարզաբանել, որ պատերազմից հետո թուլացած Հայաստանը միայնակ ի զորու չէ կասեցնել թյուրքական այն հեռանկարային ծրագիրը, որը Արցախի կայացած և «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բռնակցման օրինակներով արդեն տեսանելի ապագայում կարող է սպառնալ նաև քարտեզում նշված բոլոր երկրներին միաժամանակ կամ հերթականությամբ»։
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն