ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը


ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը

  • 19-11-2021 15:41:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
 
«Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ լուծելու տարածաշրջանային հակամարտությունները, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը՝ հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագրի հաստատման համար»,- ասել է Լինդեն՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
 
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:
 
Սյունիքում ծավալված վերջին մարտերի հետևանքով հայկական կողմից հաստատվել է 6 զոհի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայողներ, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 զրահափոխադրիչ (БТР), 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը