«Հայաստան» հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին

«Հայաստան» հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին

  • 19-11-2021 16:28:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով՝ առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից: 
 
Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղը տնտեսապես անկում է ապրել: Գյուղը միացված չէ գազամատակարարման ցանցին, էլեկտրականությունից օգտվելու համար էլ բնակիչների գումարը չի բավարարում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ՝ բնակիչները ջուր տաքացնելու համար այլևս ստիպված չեն լինի փայտ վառել: Այստեղ արևային ջրատաքացուցիչներով կապահովվեն գյուղի բոլոր ընտանիքները: Էլեկտրաէներգիայի նման խնայողությունը էապես թեթևացնում է բնակիչների հոգսաշատ առօրյան: 
 
Այսուհետ Խոզնավար գյուղը ևս կօգտվի արևային էներգիայից: Տներից 33–ում արդեն իսկ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրել նաև համայնքային նշանակության կառույցների վրա: 
 
Արավուս համայնքում արդեն 13 տուն ապահովված է արևային ջրատաքացուցիչով: Օգնությունը դրամական չէ, բայց գումար է խնայում. 150 բնակիչ կազատվի տաք ջրի համար պահանջվող ծախսերից՝ շուրջ 70% նվազեցնելով գազի ծախսը:
 
Ծրագրից անմասն չմնաց նաև Դավիթ Բեկ համայնքը: Այստեղ կտեղադրվի նաև 109 արևային ջրատաքացուցիչ: Արևի ջերմությունը պատերի ներսում պահպանելու համար, փոխվել են նաև համայնքի դպրոցի դռներն ու լուսամուտները, ամրացվում է տանիքը։ Նույն աշխատանքները կտարվեն Ճակատեն համայնքում: 
 
Այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին: 
 
Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորhրդի նախագահ Արմեն Սարգսյանն, այցելելով Սյունիքի մարզի համայնքներ և հանդիպելով համայնքապետերի հետ, նրանց առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ համայնքների առաջնային խնդիրների մասին: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:
 
Քննարկումների արդյունքում՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով կազմվել էր հատուկ ծրագիր, որն իրականացվում է փուլ առ փուլ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով: Կգործադրվեն բոլոր միջոցներն ու ջանքերը՝ մեր համայնքների ու հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն