Թուրքիային պատերազմի միջավայրից զրկելու առաջին ձեւը ուժն է, որն ունենալու համար մեզ պետք է բավականաչափ կայուն ու խաղաղ ժամանակ

Թուրքիային պատերազմի միջավայրից զրկելու առաջին ձեւը ուժն է, որն ունենալու համար մեզ պետք է բավականաչափ կայուն ու խաղաղ ժամանակ

  • 19-11-2021 19:30:28   | Հայաստան  |  Քաղաքական

Հետաքրքիր է, մարդիկ, որոնք խոսում են այն մասին, թե Թուրքիան ուզում է մեր վերջը տալ' ուրեմն ինչ խաղաղություն, գոնե խորապես պատկերացնում են խնդիրը: Թուրքիային մեր վերջը տալու համար հենց պետք է պատերազմ:
Հետեւաբար, որպեսզի մոտ 70 միլիոնանոց Թուրքիան չկարողանա 3 միլիոնանոց Հայաստանի վերջը տալ՝ Արցախն էլ հետը, պետք է փոխել միջավայրը:  Թեեւ ռուսները գուցե Արցախը պահեն' իրենց, ու թուրքերի հետ Հայաստանի մի տարածք փոխանակեն ասենք Ադրբեջանի տարածքով Դաղստան ելքի հետ:
Իհարկե Թուրքիային պատերազմի միջավայրից զրկելու առաջին ձեւը ուժն է, բայց մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ մենք այսօր չունենք այդ ուժը, չենք ունեցել երեկ, ու ցավոք սրտի չենք ունենալու վաղը: Մեզ այդ ուժն ունենալու համար պետք է բավականաչափ կայուն ու խաղաղ ժամանակ: Որովհետեւ, որքան ձգվեց անկայուն ժամանակը, այնքան շատ հայ է մասնակցելու օրինակ գրին-քարտի խաղարկության' պայմանական իմաստով, կամ գնալու է Ռուսաստան եւ  այդ "անբարո դաշնակցին" հայհոյի հենց այնտեղից, այստեղ  մնացող չգիտեմ ինչքան  հայաստանցիներին կոչ անելով չհանձնվել «սպիտակ» կամ «սեւ» թուրքերին:
Պարզից պարզ է, որ չի կարող լինել խաղաղություն ամեն գնով: Չի կարող խաղաղությունը հաստատվել միակողմանի, բայց սթափ դատողությունը հուշում է, որ Հայաստանին պետք է ժամանակ, շատ ժամանակ, որ կարողանանք ուժ հավաքել:
Որովհետեւ ուժը կենացներով չէ, ուժը ֆեյսբուքով չէ, ուժը «ազգովի մեռնելու» փիլիսոփայությամբ չէ: Առավել եւս 21-րդ դարի գերբեռնված աշխարհում «սիրահոժար» կընդունեն որեւէ ազգի կամ ժողովրդի «ազգովի մեռնելու» պատրաստակամությունը: 
Դա չի նշանակում հրաժարվել կռվելուց, բայց դա էլ պետք է կառավարվի մտքի, ոչ թե հայրենասիրական պաթոսի ու կենացների տիրույթում:
Հասկանալի է, որ կարող են տարբեր լինել գնահատականները, թե, որ ուժը կամ ինչ ուժ է պատրաստ քաղաքականապես, դիվանագիտորեն, հմտորեն ապահովել խաղաղ ու կայուն հեռանկար: Բայց էդ դեպքում պետք է քննարկել այդ ուժի հարցը, ընդ որում բովանդակային, ոչ թե անձնային շեշտադրումով քննարկումներով: Քննարկել խաղաղության մեր պատկերացրած բովանդակություները, բանավիճել ըստ էության, որ քաղաքական միտք առաջանա, այլ ոչ թե ասել՝ ինչ խաղաղություն: Առավել եւս՝ ասել Երեւանի կենտրոնից:
 
մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական