Մոսկվայի վերջնագիրը Հայաստանին․ կծիկը քանդվում է


Մոսկվայի վերջնագիրը Հայաստանին․ կծիկը քանդվում է

  • 20-11-2021 11:45:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Խորհրդարանի ճեպազրույցներին իշխող կուսակցության պատգամավորների՝ քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի դիպուկ բնորոշմամբ «քծնական շանտաժ» հիշեցնող ելույթները ՌԴ եւ ՀԱՊԿ պարտավորությունների կատարման վերաբերյալ հայկական մեդիա-վերլուծաբանական հայտնի հատվածի կողմից գնահատվեցին որպես հակառուսական։ Պետք է նշել, որ բավական «հակառուսական» էին նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ելույթները․ ճիշտ է, նրանք Ռուսաստան բառն առայժմ չեն արտաբերում հայտնի պատճառներով, սակայն նրանց ելույթների բովանդակությունը վերաբերում էր ՌԴ քաղաքականությանը։
 
Ինչ կատարվեց նոյեմբերի 14-16-ին՝ թերեւս արդեն պարզ է բոլորին այդ օրերի ռազմաքաղաքական իրադարձություններից եւ հայկական ու ռուսական կողմերի հայտարարություններից։ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է սահմանազատման եւ խաղաղ պայմանագրեր, որոնց էության մասին մանրամասն՝ այստեղ։ Կրեմլի հայտարարություններից ու զլմ-ների հրապարակումներից պարզ է դառնում, որ Հայաստանը մերժել էր, այդ պատճառով էլ տեղի չէր ունեցել եռակողմ հանդիպումը։ Դրան հետեւեց Բաքվի հարձակումը, իսկ Պուտինը հրապարակավ հրաժարվեց պայմանագրային պարտավորությունների կատարումից։ Մոսկվայից պարզ ասվեց՝ սահմանազատում չկա, ուրեմն չկա պայմանագրային պարտավորություն։
 
Պայմանագրերի պարտադրման հանգամանքը եւ դրա մեխանիզմն արդեն պարզ են բոլորի համար, նմանապես պարզ է, որ Բաքվի հարձակումները պայմանավորված են Մոսկվայի առաջնորդությամբ ու երաշխիքով, այլապես Ալիեւը չէր գնա նման քայլի։ Կրեմլը այդպիսով վերջնագիր ներկայացրեց, որից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնել է ՌԴ առաջարկին։ Փաշինյանը խաղի մասնակի՞ց է, թե գործում է պարտադրանքի տակ՝ արդյունքի տեսակետից էական չէ։
 
Մոսկվան հետեւողական իրագործում է Հայաստանի դեմ իր ծրագիրը, հերթական փուլը աչքներիս առջեւ է, որով այն չի ավարտվելու։ Զուգահեռ, կրկին գործի են դրվել քարոզչական տարբեր հնարքները, ամենակարեւորը՝ հայերի ձեռքով, թեեւ դրանք Հայաստանում արդեն չունեն որեւէ ազդեցություն, ավելին՝ հակառակ արդյունք են ունենում։ Արժե այդ մասին խոսել, քանի որ սպասվում են նոր արհավիրքներ։
 
Ճեպազրույցների վերաբերյալ վերոհիշյալ օրինակը բավական է «կծիկը քանդելու» առումով։ Մի կողմ դնելով ներքին հանգամանքները, փաստացի հայտարարվում է, որ ՌԴ եւ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունների հիշատակումը համարվում է հակառուսականություն։ Այսինքն, այդպես հայտարարողները կո՞ղմ են պարտադրվող սահմանազատմանը։ Այդ տրամաբանությամբ, հակառուսականություն է նաեւ Արցախի կարգավիճակի պահանջը, քանի որ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է՝ Արցախի հարցը լուծված է, Արցախը Ադրբեջանի տարածք է։ Ըստ այդմ, հակառուսականություն են 1921-ի պայմանագրերի, Կոլցո գործողության եւ այլնի հիշատակումները։
 
Կարելի է անվերջ շարունակել «հայ-ռուսական դարավոր բարեկամության» դրվագները, եւ կստացվի, որ Հայաստանի շահերի, հայկական իրավունքների ու պահանջների համալիրը հակառուսականություն է։ Ահա հայ-ռուսական քարոզչության արդյունքը եւ եզրահանգումը, ինչը հեռու չէ իրականությունից։
 
Դիմադրությունը կատակ բան չէ, առավել եւս՝ ներքաղաքական կոնյունկտուրա, այն անհնար է առանց քաղաքական հստակ գնահատականների ու պահանջների, որը պետք է ընդգրկի իրականությունն ամբողջությամբ։ Նման գնահատականների բացակայությունն ազատում է Հայաստանի դեմ ծրագրերի շահառուների ձեռքերը, լեգալացնում նրանց գործողությունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը