Ադրբեջանի ՊՆ–ին մտահոգել են սոցցանցերում հրապարակված լուսանկարներն ու տեսագրությունները

Ադրբեջանի ՊՆ–ին մտահոգել են սոցցանցերում հրապարակված լուսանկարներն ու տեսագրությունները

  • 20-11-2021 12:25:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է տեղեկություններ տարածող կամ դրանց հետ առնչություն ունեցող զինծառայողներին:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրջորեն մտահոգված է, որ նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել սոցցանցերում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
 
Նշվում է, որ ՊՆ հրամանատարությունը բացահայտել և բանակից հեռացրել է տեղեկություններ տարածող կամ դրանց հետ առնչություն ունեցող զինծառայողներին:
 
Գործով հավաքված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
 
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
 
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
 
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
 
Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը