Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով. Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը


Արդյոք ժամանակը չէ՞, որ մե՛նք խոսենք նախապայմանների լեզվով. Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը

  • 20-11-2021 13:37:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական կողմն առաջ է քաշում սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։
 
Այս գործընթացները բնական են հարեւան երկրների համար, սակայն Ադրբեջանի դեպքում դրանք խնդրահարույց են, իսկ հապշտապ լուծումները հղի են նոր մարտահրավերներով։ Առաջին հերթին՝ հնարավոր չէ մեկնարկել սահմանների ճշգրտման գործընթացը այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ավելին՝ շարունակվում է նոր տարածքների բռնազավթումը, որի արդյունքում ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվում հայկական գյուղերն ու պետական եւ մարզային նշանակության ճանապարհները։ Հետեւաբար, առանց վերոնշյալ ապօրինությունների վերացման իրատեսական չէ սահմանագծման եւ սահմանազատման մասին խոսելը։ Ի դեպ, անգամ 13 տարի անց Վրաստանը չի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմանների դե ֆակտո սահմանազատումն սկսելու Մոսկվայի առաջարկը։
 
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սրվել են հումանիտար խնդիրները Սյունիքի մարզի 6 գյուղերում, ներկայացնում է աշխատակազմի կողմից նոյեմբերի 8-18-ն ընկած ժամանակահատվածում փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ: Մարդկանց համար ստեղծված անորոշ ու անկանխատեսելի իրավիճակից բացի, լրջորեն սահմանափակված է առանց դրա էլ վտանգված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ, ամբողջությամբ կամ մասամբ դպրոցներում դասապրոցեսն իրականացվում է հեռավար եղանակով, այնինչ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ։ Մյուս լրջագույն խնդիրներից են այդ բնակավայրերում բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության հետ կապված բարդությունները, ինչը ոտնահարում է մարդկանց՝ Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը:
 
«Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաեւ առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը»,- մանրամասնում է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ներկայումս գործող այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։ ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք տվյալներն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները եւ էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ են:
 
Ուստի ադրբեջանական զինված կամ որեւէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ ու համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինի: Երեւանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով երեկվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրի սահմանային մի շարք շրջաններում առկա լարված իրավիճակին, նշել է, որ ինչպես մեկ տարի առաջ, «այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների»։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի «ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը»։
 
Վերադառնալով սահմանագծմանն ու սահմանազատման հարցին՝ նշենք, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի այդ հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում, հակառակ դեպքում արցախահայությունը կհայտնվի ադրբեջանական տոտալ շրջափակման մեջ։ Եթե ի տարբերություն խորհրդային տարիների, երբ այս կամ այն կերպ միութենական իշխանության գոյությունը կարող էր զսպող գործոն լինել Արցախում բացահայտ ցեղասպանություն իրականացնելու պարագայում, ապա առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման որեւէ զսպող ուժ չի լինի ցեղասպան մեքենայի դեմն առնելու համար։ Ընդհակառակը, Թուրքիան այսօր ամբողջությամբ սատարում է այդ մոտեցումները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը