Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին

  • 20-11-2021 16:14:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանը կմասնակցի  Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3-ը կայանալիք «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին: Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ  «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ  «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն այս հեղինակավոր հարթակում։
 
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:  Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև  ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ը:
 
«MWC Barcelona 2022» ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է:  Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են  համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն