Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին
20-11-2021 16:14:58 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանը կմասնակցի Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3-ը կայանալիք «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին: Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն այս հեղինակավոր հարթակում։
Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ը:
«MWC Barcelona 2022» ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է: Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները: