Հակամարտության նոր ֆորմատ է ստեղծվում Մոսկվայի մենեջմենթով


Հակամարտության նոր ֆորմատ է ստեղծվում Մոսկվայի մենեջմենթով

  • 20-11-2021 17:40:33   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ի զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն
 
Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի 3+3  հարթակին։ Նա նշել է, որ այդ մասին տեղեկացրել են Բաքվին և Անկարային։ Ինչու է Վրաստանը նորից վերահաստատում իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը։
 
Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու է նա այդպիսի հայտարարություն արել, քանի որ չգիտեմ, բայց նրա պատասխանն ինձ դուր է գալիս, ինչն, ի դեպ, շատ հազվադեպ է լինում այս իշխանությունների նկատմամբ: Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի հետ որևէ նոր ձևաչափով:
 
Այս օրերին զուգահեռներ են տարվում Հայաստանի և Վրաստանի միջև, նշվում է, որ այն ինչ կատարվում է Սյունիքի նկատմամբ, սողացող բռնազավթում է։ Ի՞նչ եք Դուք կարծում։
 
Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, դա Բաքվի արձագանքն է Մեղրիով միջանցք բացելու վերաբերյալ պատրաստվող պայմանավորվածությունների փաստացի ձախողմանը: Ադրբեջանի համար սկզբունքորեն շատ կարևոր է ստանալ այդ միջանցքը Լաչինի միջանցքի փոխարեն, և այդ հարցը այն պայմաններում, երբ անհնար է լուծել մյուս հարցերը, դառնում է գլխավորը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: Որքան ես հասկանում եմ, տարբեր ուժեր Մոսկվայում լոբբինգ են անում Բաքվի ու Երևանի շահերը, և դա հանգեցնում է բախումների: Իրավիճակը շատ ցավալի է, գնում է հակամարտության նոր ֆորմատի ստեղծման գործընթաց Մոսկվայի մենեջմենթով: Նման պայմաններում որևէ դրական բան սպասելը շատ բարդ է:
 
Ձեր գնահատմամբ՝ ինչ է տեղի ունենում Սյունիքում։ Որքանով է ստեղծված իրավիճակը մտահոգիչ հարևան Վրաստանի համար։
 
Այն, ինչ Վրաստանում անվանում են սողացող օկուպացիա, այլ բան չէ, քան ռուսական իշխանությունների PR ակցիան, ցույց տալու աշխարհին, որ գոյություն ունի այնպիսի պետություն, ինչպիսին Հարավային Օսեթիան է: Սյունիքում տեղի է ունենում պատերազմի շարունակություն, այնպես որ սրանք բովանդակությամբ տարբեր երևույթներ են:
 
Ներքաղաքական իրավիճակը Վրաստանում շարունակում է լարված մնալ։ Ի՞նչ է սպասվում Վրաստանին։
 
Ապագան ոչ մեկին հայտնի չէ: Փաստն այն է, որ մենք լինելով թայֆունի առանցքը տարածաշրջանում, ունենք մեր սեփական թայֆունը երկրի ներսում: Հնարավոր են ցանկացած տարբերակներ, ընդհուպ մինչև դեստաբիլիզացիա, ինչն, իհարկե, վատ կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը