ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ


ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

  • 22-11-2021 14:33:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:
 
Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը:
 
Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:
 
Կողմերը կարեւորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը: Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման եւ ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
 
ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play