Երասխահուն գյուղում 13-ամյա աղջկա են առևանգել՝ ամուսնության նպատակով. կան ձերբակալվածներ (տեսանյութ)


Երասխահուն գյուղում 13-ամյա աղջկա են առևանգել՝ ամուսնության նպատակով. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

  • 22-11-2021 17:11:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ են առևանգել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու նշում, որ դեպքի մասին իրավապահներին տեղյակ է պահել երեխայի մայրը:
 
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է.  
 
«Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան ամուսնության նպատակով իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով ընկերների հետ առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։
 
Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23:30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց:
 
Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։
 
Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն