Ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս․ եթե ՀՀ-ում «տվող» կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի․ Նիկոլ Փաշինյան


Ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս․ եթե ՀՀ-ում «տվող» կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի․ Նիկոլ Փաշինյան

  • 23-11-2021 21:25:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրած կլիներ «սուվերեն միջանցք»։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված «անարգել երթևեկություն» արտահայտությունը կիրառելով պնդում է, որ դա «սուվերեն միջանց» է նշանակում և հարցին՝ հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումն Ադրբեջանին։
 
Նա ընդգծեց՝ այդ կետի կատարումն ընդունվել է 2021-ի հունվարի 11-ի հայտարարությամբ, որի հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։ «Այն արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում, որով նրանք անցնում են, ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով»,-ասաց նա։
 
Փաշինյանի հավաստմամբ՝ աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից չեն լսել «միջանցք» արտահայտությունը։ «Ինչու պետք է մեզ համար ընդունելի լինի այն, ինչ չկա։ Այստեղ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է․ անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են՝ եթե միջանցք չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք»,-ասաց նա՝ նշելով, թե այս փաստը պետք է դնել միջազգային հանրության աչքի առաջ։
 
«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով։ Շահագրգիռ ենք, որովհետև ՀՀ-ն 30 տարի գտնվում է շրջափակման մեջ, և սա մեզ համար ապաշրջափակման հնարավորություն է»,-ասաց նա։
 
Վերջինս ընդգծեց՝ եթե ՀՀ-ն ասում է՝ պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջանի միջև ճանապարհ, ինքն է որոշում՝ ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն շահագրգիռ է, որ երկաթուղային, ավտոմոբիլային կապը վերականգնվի։ «Ադրբեջանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ, ու տվյալ դեպքում Նախիջանաի մասին չէ խոսքը, Թուրքիա-Ադրբեջան ճանապարհի մասին է խոսքը, մեծ միջազգային ճանապարհի»,-ասաց նա՝ նշելով, թե այդտեղ էլ ՀՀ-ն շահագրգռություն ունի։
 
«ՀՀ-ն պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով։ Ես չեմ հասկանում՝ ինչու ՀՀ-ն պետք է հրաժարվի ճանապարհ տալ»,-հավելեց վարչապետը՝ նշելով, թե այսօր բոլոր երկրները պայքարում են, որ ճանապարհները, երկաթուղիները անցնեն իրենց տարածքով։
 
«Ադրբեջանն անընդհատ փորձ է անում այդ թվում ՀՀ-ի ներսում նյարդային մթնոլորտ ստեղծել, որ ստացվի, թե Հայաստանն իր ապաշրջափակմանը դեմ է արտահայտվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի։
 
«Այսօր ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս, սա են տալիս, նա են տալիս․ ժողովուրդ ջան, եթե ՀՀ-ում «տվող» կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի, ինչ իմաստ կունենային դրանք»,-ասաց նա։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը