Ոստիկանությունը Երևանի մետրոյի կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի
24-11-2021 11:52:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ոստիկանությունը Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:
«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ փորձելով խափանել մետրոյի բնականոն ընթացքը: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ին շտապ հավաք են կազմակերպելու: